«Օրինաց երկիր»-ի կադրային պոտենցիալը «անընդհատ համալրվում է»

Armenia -- Artur Baghdasarian, secretary of the National Security Council, undated.

Իշխող կոալիցիային անդամակցող «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի պնդմամբ` բացարձակապես հեռու են իրականությանից կուսակցության կադրային բանկի աղքատ լինելու մասին խոսակցությունները:
Ավելին, Բաղդասարյանի խոսքով, «Օրինաց երկիր»-ը <օրավուր համալրվում է բազմաթիվ անդամներով>:

Անցած դեկտեմբերին, հիշեցնենք, կուսակցության քվոտայով Հայաստանի գյուղատնտեսության նախարար նշանակված Սերգո Կարապետյանը «Օրինաց երկիր»-ին անդամակցել էր դրանից մի քանի օր առաջ միայն:

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը պնդեց, թե «Օրինաց երկիր»-ը «ոչ միայն ունի բավարար կադրային պոտենցիալ», այլեւ` այդ «կադրային պոտենցիալը անընդհատ համալրվում է»:

«Մեր վերջին առաջարկությունը` գյուղատնտեսության նախարարի պաշտոնում առաջարկել Սերգո Կարապետյանին, մեր քաղաքական թիմի որոշումն է: Պարոն Կարապետյանը տեւական ժամանակ եղել է մեր քաղաքական ուժի համակիրներից մեկը», - ասաց նա:

Խոսելով իր ղեկավարած կուսակցության մասին` ընդհանուր առմամբ` Բաղդասարյանը ասաց. - ««Օրինաց երկիր» կուսակցությունը զարգացող, համալրվող, մեր երկրի քաղաքական կիզակետում գտնվող, քաղաքական դաշտում գտնվող հիմնական քաղաքական դերակատարներից մեկն է: Մենք ունենք բավարար կադրային ներուժ, բայց մեր կուսակցությունը 2010 թվականին համալրվել է շուրջ 7400 նոր մարդկանցով: Ես ինձ թվում է, որ յուրաքանչյուր կուսակցությանը դա պատիվ է բերում»:

Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց Անվտանգության խորհրդի աշխատանքը անցած 2010 թվականին` առաջին հերթին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համագործակցության ամրապնդման եւ եվրաինտեգրման խորացման ուղղությամբ:

Տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը, նրա ձեւակերպմամբ` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հայանպաստ ընկալումներն աշխարհի համար հասկանալի դարձնելն էր. - «Դա ե'ւ արձանագրվեց Աստանային գագաթաժողովում, ե'ւ ՀԱՊԿ-ի գագաթաժողովում Մոսկվայում»:

Անվտանգության խորհրդի իրականացրած ծրագրերի արդյունքում, խորհրդի քարտուղարի գնահատմամբ, էականորեն բարձրացել է Հայաստանի անվտանգության ապահովման մակարդակը: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Եվրամիության աջակցությամբ բարելավվել է Հայաստանի սահմանային անվտանգության ապահովումը: Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի հարցում, որը հսկվում է ռուսաստանյան ուժերի կողմից, համագործակցության ծրագրեր են իրականցվել Ռուսաստանի հետ:

Անդրադառնալով հայ-վրացական սահմանին` Բաղդասարյանը ասաց. - «Հայաստանի Հանրապետությունը լրջորեն համագործակցում է Եվրոպական Միության հետ Հարավային Կովկասի պետական սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում, եւ 2010 թվականին հաստատված հայեցակարգային փաստաթղթերի հիման վրա 2011 թվականին մեր երկրում կիրականացվեն շատ լուրջ բարեփոխումներ պետական սահմանի ողջ երկայնքում, որը հնարավորություն կտա կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ, անցակետեր»:

ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծված Արագ արձագանքման համատեղ ստորաբաժանումները, Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ, 2011 թվականին զորավարժություններ կանցկացնեն Հայաստանում:

Your browser doesn’t support HTML5

«Օրինաց երկիր»-ի կադրային պոտենցիալը «անընդհատ համալրվում է»