Չեխիայում հայկական հանցագործ խմբի անդամ լինելու մեջ կասկածվող Արսեն Կակոսյանը տեղափոխվել է Հայաստան

Հայկական հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով Չեխիայում ամիսներ առաջ ձերբակալված, այնուհետեւ՝ անցած տարվա հոկտեմբերին ազատ արձակված Արսեն Կակոսյանն արդեն Հայաստանում է:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ 1967 թվականին ծնված Արսեն Կակոսյանը Հայաստան է տեղափոխվել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Պրահա – Երեւան չվերթով: Տեղափոխումն իրականացվել է Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օպերխմբի կողմից:

Կակոսյանը 1996 թվականի փետրվարի 20-ից հետախուզվում էր Հայաստանի ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի կողմից: Նրան ներկայացվել էր մեղադրանք` Հայաստանի քրեական օրենսգրքի 178 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով: Խոսքը խոշոր չափերի խարդախության մասին է, որի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանքի, կամ, երկուսից վեց տարվ ազատազրկման տեսքով:

Հաստատելով այս տեղեկատվությունը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ ընդգծեց, որ Կակոսյանը ոչ թե արտաքսվել է Չեխիայից, ինչպես անցած շաբաթ գրել էր Prague Daily Monitor պարբերականը, այլ էքստրադիցիայի է ենթարկվել հայկական կողմի դիմումով` նրա նկատմամբ ավելի վաղ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք` Prague Daily Monitor պարբերականը գրել էր, որ «հայկական հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով Չեխիայում ամիսներ առաջ ձերբակալված, այնուհետեւ՝ անցած տարվա հոկտեմբերին ազատ արձակված Արսեն Կակոսյանը արտաքսվել է իր հայրենիք` Հայաստան»։ Թերթին այս մասին տեղեկություն էր փոխանցել Պրահայի քաղաքային դատարանի խոսնակ Մարտինա Լհոտակովան։

Ըստ մեղադրող կողմի, խմբավորումը, որը գլխավորել է Անդրանիկ Սողոյանը, մեծ գումար էր պահանջել մի հայ գործարարից, եւ երբ վերջինս պահանջը մերժել է` խմբավորումը մարդասպան է վարձել։ Քիլլերը նախ սխալմամբ հրազենով վիրավորել է մեկ ուրիշ հայի, ապա, դարձյալ սխալմամբ, սպանել գործի հետ բացարձակ կապ չունեցող մի չեխ քաղաքացու:

Մեղադրող կողմին այդպես էլ չէր հաջողվել ապացուցել ոչ Սողոյանի, եւ ոչ էլ Կակոսյանի առնչություն այդ հանցագործությանը։ Չեխիայում Կակոսյանին, մասնավորապես ներկայացրել էին ապօրինի զենք եւ կեղծ վարորդական իրավունք ունենալու մեղադրանք։

Բուն մարդասպանը` ծագումով ուկրաինացի Տիմուր Տրետյակովը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման։

Նշենք, որ 1996 թվականից Կակոսյանին Հայաստանում առաջադրված մեղադրանքը որեւէ առնչություն չունի Չեխիայում` նրա անձի շուրջ ծավալված իրադարձություների հետ: