Դատարանը մեղավոր ճանաչեց Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին նավթի հափշտակման մեջ

Խոդորկովսկին եւ Լեբեդեւը դատարանի դահլիճում, արխիվային լուսանկար

Երկուշաբթի առավոտյան Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը սկսել է հրապարակել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ նրա գործընկեր Պլատոն Լեբեդեւի դեմ երկրորդ քրեական գործով դատավճիռը: Ռուսաստանյան գործակալությունների վկայությամբ` դատարանը արդեն մեղավոր է ճանաչել Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին նավթի հափշտակման մեջ:

Ակնկալվում է, որ դատավճռի հրապարակումը կտեւի մի քանի օր:

Գործարարը 2003 թվականին արդեն դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, եւ այժմ Խոդորկովսկուն սպառնում է եւս մեկ ազատազրկում, այս անգամ` մինչեւ 14 տարի ժամկետով:

Այս գործով Խոդորկովսկին ու Լեբեդեւը մեղադրվում են 218 միլիոն տոննա նավթի հափշտակման եւ անօրինական եկամուտների լվացման մեջ: Ընդ որում, ի սկզբանե նրանց մեղսագրվում էր 350 միլիոն տոննա նավթի հափշտակում, սակայն հետագայում մեղադրող կողմը նվազեցրել է այդ թիվը:

Դատավճռի հրապարակումը նախատեսված էր դեռ դեկտեմբերի 15-ին, սակայն դատարանը որոշեց հետաձգել այն:

Իրավապաշտպանները պնդում են, թե Խոդորկովսկու նկատմամբ քրեական գործի հարուցումը քաղաքական հաշվեհարդար է` Ռուսաստանի իշխանությունների հասցեին նրա հնչեցրած քննադատության եւ ընդդիմադիր լրատվամիջոցների ֆինանսավորման համար:

Ուրբաթ օրը Խոդորկովսկու գործին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` երկրի երեք հեռուսատաընկերությունների ղեկավարների հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցի ընթացքում:

«Որպես նախագահ, ես այդ ամենի մասին մտածում եմ հետեւյալը. ո'չ նախագահը, ո'չ որեւէ այլ պաշտոնյա, ով գտնվում է պետական ծառայության մեջ, իրավունք չունի իր դիրքորոշումը հայտնել ո'չ այս, ո'չ որեւէ այլ գործով` մինչեւ դատավճռի հրապարակումը` կա'մ մեղադրական, կա'մ արդարացնող, դա միանգամայն ակնհայտ է», - ասել է Մեդվեդեւը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները Մեդվեդեւի այս հայտարարությունը համարում են պատասխան վարչապետ Վլադիմիր Պուտինին, ով դեկտեմբերի 16-ին «Զրույց Պուտինի հետ» ծրագրի ընթացում անդրադառնալով Խոդորկովսկու գործին` մեջբերել էր «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի հերոս Ժեգլովի արտահայտությունը: «Ինչպես եւ Վլադիմիր Վիսոցկու հայտնի պերսոնաժը, ես նույնպես կարծում եմ, որ գողը պետք է նստի բանտում», - ասել էր Պուտինը:

Ուրբաթ օրը «Նեզավիսիմայա գազետա» թերթում հոդվածով է հանդես եկել ինքը Միխայիլ Խոդորկովսկին` ներկայացնելով Ռուսաստանի վարչապետի այդ հարցազրույցից ստացած տպավորությունները: Իր մասին Պուտինի արտահայտություններին Խոդորկովսկին չի անդրադարձել, այլ գրել է, մասնավորապես, որ Ռուսաստանի իշխանություններին պակասում է սերն ու հանդուրժողականությունը: