Բախումներ եւ ձերբակալություններ Մինսկում

Բելառուս – Ոստիկանության հետ բախումների արդյունքում վնասվածքներ ստացված ցուցարարը, Մինսկ, 20-ը դեկտեմբերի, 2010թ.

Բելառուսում դեկտեմբերի 19-ին անցկացված ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան, պաշտոնական տվյալներով, պարտության է մատնել իր 9-ը մրցակիցներին։
Երկուշաբթի օրը վաղ առավոտյան ներկայացնելով դեկտեմբերի 19-ին անցկացված ընտրությունների նախնական արդյունքները, Բելառուսի ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան ասել է, որ քվեարկության իրավունք ունեցողների 90. 66 տոկոսը մասնակցել է ընտրություններին։

«5 միլիոն 122 հազար 866 մարդ, կամ ընտրողների 79. 67 տոկոսը քվեն տվել է Ալյաքսանդր Լուկաշենկային», - ասել է Լիդիա Երմոշինան։

Նրան համարում են Լուկաշենկայի հավատարիմ դաշնակիցը: Նա 1996 թվականից է ղեկավարում Բելառուսի ԿԸՀ-ն եւ արդեն երրորդ անգամ է հրապարակում Ալեքսանդր Լուկաշենկայի հաղթանակի մասին լուրը։

Եվրոպական կառույցները Երմոշինային դասել են Բելառուսում ազատությունները սահմանափակող պաշտոնյաների թվին եւ զրկել Եվրամիության տարածք այցելելու իրավունքից։

ԿԸՀ-ն դեռ ուշ երեկոյան պետք է հայտներ նախնական արդյունքները, սակայն Երմոշինան ասել է, որ ընդդիմության կազմակերպած անկարգությունների հետեւանքով հրապարակումը հետաձգվում է։

Երեկ, երբ փակվել են ընտրատեղամասերը, հազարավոր ցուցարարներ հավաքվել են Օկտյաբրսկայա եւ Անկախության հրապարակներում, որտեղ արդեն տեղակայված են եղել Բելառուսի ոստիկանության եւ ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատները։

Վրդովված ցուցարարները փորձել են ներխուժել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը գտնվում է խորհրդարանի շենքում։

Ոստիկանները, կիրառելով ձայնային նռնակներ, մահակներ եւ հատուկ այլ միջոցներ, սկսել են դուրս մղել մարդկանց Մինսկի կենտրոնից։ Հարյուրավոր ընդդիմադիրներ ծեծի են ենթարկվել եւ ձերբակալվել են։ Բռնության են ենթարկվել նաեւ նախագահության 5 թեկնածուներ, նրանցից 3-ին նույնպես ձերբակալել են։

Մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ դատապարտել են Բելառուսի իրավապահների գործողությունները:

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։

ԱՊՀ-ի դիտորդները հայտարարել են, որ Բելառուսում տեղի են ունեցել թափանցիկ եւ դեմոկրատական ընտրություններ։

Your browser doesn’t support HTML5

Հետընտրական բախումներ Բելառուսում