Օսլոյում կկայանա Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը

Բողոքի ցույց Նորվեգիայում Չինաստանի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն Լյու Սյաոբոյի, Օսլո, 9-ը դեկտեմբերի, 2010թ.

Ուրբաթ օրը Նորվեգիայի մայրաքաղաքում կայանալու է 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:

Ինքը մրցանակակիրը` չինացի այլախոհ Լյու Սյաոբոն ներկա չի լինի արարողությանը, մրցանակը նրա փոխարեն չեն ստանա ո'չ նրա ընտանիքի անդամները, ո'չ ընկերները: Սյաոբոն գտնվում է անազատության մեջ` 2009 թվականին նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, նրա կինը տնային կալանքի տակ է, իսկ բարեկամներին եւ ընկերներին արգելվել է լքել Չինաստանի տարածքը այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Նոբելյան Խաղաղության մրցանակը այս տարի շնորհվել է հենց Լյու Սյաոբոյին:

Մրցանակի հանձնման արարողության ժամանակ դրված է լինելու միայն դատարկ մի աթոռ եւ Սյաոբոյի լուսանկարը, իսկ նորվեգացի դերասանուհի Լիվ Ուլմանը կարդալու է այլախոհի տեքստերից մեկը:

«Դատարկ աթոռը ուժեղ տպավորություն է գործում», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Նոբելյան ինստիտուտի տնօրեն Գեիր Լունդեստադը, - «Այն կընդգծի Նոբելյան կոմիտեի այս տարվա ընտրության կարեւորությունը եւ կցուցադրի Չինաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը»:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը, մինչդեռ, հայտարարել է, թե Լյու Սյաոբոյին մրցանակ շնորհելը անբարոյական է, քանի որ նա ուղղակիորեն կոչ է արել տապալել երկրի իշխանությունները: «Միջազգային հանրության շատ անդամներ չեն պաշտպանում Նորվեգական կոմիտեի սխալ որոշումը, Նորվեգական կոմիտեի ձեռնարկած ոչ մի միջոց չի կարող փոխել այն փաստը, որ Լյու Սյաոբոն հանցագործ է: Այս հարցն օգտագործելու, Չինաստանի վրա ճնշում բանեցնելու եւ Չինաստանին զարգացումից հետ պահելու փորձերը հաջողություն չեն ունենա», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Պաշտոնական Պեկինը նաեւ կոչ է արել պետություններին չմասնակցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը, ինչին արձագանքել է մոտ երկու տասնյակ երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Վենեսուելան, Կուբան, Իրաքն ու Իրանը: 44 երկրներ հայտարարել են, որ մասնակցելու են արարողությանը. դրանք Եվրամիության երկրներն են, Միացյալ Նահանգները, Բրազիլիան, նաեւ Ուկրաինան, որը ավելի վաղ հայտարարել էր մրցանակի արարողությանը մասնակցելուց հրաժարվելու մասին:

Նորվեգական Նոբելյան կոմիտեի ղեկավար Թորբյորն Յագլանդը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ բավարարված է այն փաստով, որ պետությունների երկու երրորդը մասնակցելու է արարողությանը: Յագլանդը նաեւ հույս է հայտնել, թե Նոբելյան մրցանակը կօգնի, որ Լյու Սյաոբոն բանտից շուտ ազատ արձակվի:

«Կարծում եմ, Չինաստանի իշխանությունների համար դժվար կլինի նրան 11 տարի պահել բանտում, քանի որ մրցանակի շնորհումից հետո արտաքին աշխարհի կողմից ճնշումներն ավելի կուժեղանան, քաղաքական շատ առաջնորդների համար դժվար կլինի չարծարծել Չինաստանում մարդու իրավունքների հարցերը, երբ նրանք հանդիպեն Չինաստանի ղեկավարների հետ», - ասել է Յագլանդը:

Նորվեգական Նոբելյան կոմիտեն վստահեցրել է, որ Խաղաղության մրցանակի շնորհումը այլախոհ Լյու Սյաոբոյին ուղղված չէ Չինաստանի դեմ, այլ նպատակ ունի պահպանել եւ զարգացնել համամարդկային արժեքները ողջ աշխարհում: Թորբյորն Յագլանդի խոսքով` մրցանակը նշան է այն բանի, որ Չինաստանի համար կարեւոր է ապագայում իր տնտեսական զարգացումը համալրել նաեւ քաղաքական բարեփոխումներով:

Լյու Սյաոբոն 1989 թվականին տեղի ունեցած բողոքի ցույցերի ակտիվ մասնակից էր: Անցյալ տարի նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման «Խարտիա 08»-ի ստեղծման համար, որում կոչ էր անում Չինաստանում բազմակուսակցական համակարգ ստեղծել, հարգել մարդու իրավունքները եւ քաղաքական բարեփոխումներ կատարել:

Նոբելյան կոմիտեն նրան անվանել է Չինաստանում մարդու իրավունքների համար պայքարի նշանավոր խորհրդանիշ: