Երկրին ամենից նման մոլորակը` մինչ այժմ հայտնաբերվածներից

Gliese 581 համակարգի մոլորակներից մեկը

Ամերիկացի գիտնականները գտել են մինչ այժմ հայտնաբերվածներից Երկրին ամենից նման մոլորակը: Տիեզերական չափումներով` այն բավական մոտ է Արեգակնային համակարգին, եւ այնտեղ տեսականորեն կարող է կյանք գոյատեւել:

«Մենք ուղղակի ապացույց չունենք, որ այնտեղ կյանք կա, բայց իմ անձնական կարծիքով` դժվար է պատկերացնել, որ այնտեղ կյանքը թափանցած չլինի», - Associated Press-ին ասել է գիտնական Սթիվեն Վոգտը Կալիֆորնիայի Սանտա Կրուզ համալսարանից:

Այս մոլորակը մեկն է Gliese 581 աստղային համակարգում գտնվող 6 մոլորակներից եւ Երկրից հեռու է 20 լուսատարի:

Լույսը Արեգակից Երկիր հասնում է 8 րոպեում, իսկ տիեզերքի ամենահեռավոր մարմինները Երկրից 13 միլիարդ լուսատարի հեռավորության վրա են գտնվում:

Նոր հայտնաբերված մոլորակը մի քիչ ավելի մեծ է, քան Երկիրը` դրա տրամագիծը գերազանցում է Երկրի տրամագիծը 20-40 տոկոսով, իսկ զանգվածը Երկրի զանգվածից ավելի է 75 տոկոսով: Սա Արեգակնային համակարգից դուրս մինչ այժմ հայտնաբերված ամենափոքր մոլորակներից է:

Այդ մոլորակի գրավիտացիան մի փոքր ավելին է, քան Երկրինը, եւ տեսականորեն հնարավորություն է ստեղծում մթնոլորտի առկայության համար: Սակայն երկրային չափանիշներով դրա մակերեւույթին բավական ցուրտ է` Ցելսիուսի սանդղակով 12 -31 աստիճան ցուրտ:

Gliese 581g կոչվող այս մոլորակը, ի տարբերություն Երկրի, չի պտտվում իր առանցքի շուրջ, այդ պատճառով գիշերն ու ցերեկը դրա վրա չեն հերթագայում` մշտապես կա աստղի կողմից լուսավորվող հատված եւ ստվերային հատված: Սակայն լուսավորված եւ ստվերային հատվածների սահմանագծին կարող է նույնիսկ հեղուկ ջուր լինել եւ կայուն, կյանքի համար բարենպաստ ջերմաստիճան:

«Այն, որ մենք Արեգակնային համակարգից դուրս կարողացանք հայտնաբերել Երկրին մի շարք չափանիշներով մոտ մոլորակ` Արեգակնային համակարգին այդքան մոտիկ, ցույց է տալիս, որ այդպիսի մոլորակները հազվադեպ չեն մեր գալակտիկայում», - ասել է Սթիվեն Վոգտը:

Ավելի վաղ ուսումնասիրվել են նաեւ Gliese 581g մոլորակի հետ նույն աստղային համակարգում գտնվող հարեւան մոլորակները, սակայն դրանց մակերեւույթը կա'մ շատ տաք է, կա'մ չափազանց ցուրտ:

Աստղագետները արդեն հայտնաբերել են 460 մոլորակներ, որոնք Արեգակնային համակարգից դուրս են գտնվում: