Սեյեդ Ալի Սաղայիան. «Բախումը տարածաշրջանից դուրս գտնվող սադրանքի հետեւանք էր»

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան

Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումը տարածաշրջանից դուրս գտնվող սադրանքի հետեւանք է: Այդ մասին չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում հունիսի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած բախմանը¸ որի արդյունքում զոհվեցին 4 հայ զինծառայողներ¸ եւս 4-ը վիրավորվեցին:

Դեսպանը նաեւ իր խորին ցավակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին` նշելով, որ Իրանը մշտապես այն կարծիքին է եղել, որ ցանկացած հակամարտության լուծում պետք է լինի միայն խաղաղ բանակցային ճանապարհով:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին. թե հաշվի առնելով շփման գծում լարված իրավիճակը` որքանո՞վ է դեսպանը հավանական համարում պատերազմի վերսկսումը, Սեյեդ Ալի Սաղաիյանը արձագանքեց, թե Իրանը դա վստահաբար բացառում է:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Նախիջեւանում տեղակայվել են թուրքական զորքեր, Իրանի դեսպանը ասաց¸ թե անկախ աղբյուրներն այդ մասին տեղեկատվություն դեռեւս չեն տրամադրել¸ ամեն դեպքում` դա կհակասի Թուրքիայի քաղաքականությանը, համաձայն որի` պաշտոնական Անկարան ցանկանում է զրոյական խնդիրներ ունենալ հարեւանների հետ: «Եվ կարծում եմ, որ Նախիջեւանն էլ այն տարածքը չէ, որտեղ Թուրքիան ցանկանա իր ուժերը տեղակայել», - հավելեց դեսպանը:

«Ինչ վերաբերում է Ֆիզուլիին, ապա այնտեղ ամերիկացիներն են հավակնություններ դրսեւորում իրենց ուժերը տեղակայելու համար, որը մենք վստահաբար թույլ չենք տա»¸ - ասաց իրանցի դիվանագետը:

Դեսպանը ասաց, թե այս տեղեկատվությունը պաշտոնապես չի ներկայացվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը միակ երկիրն է, որը գտնվում է հակամարտող երկրների հարեւանությամբ, «բնականաբար` պետք է իր ազգային անվտանգությունը պահպանի. այդ տեսանկյունից, Իրանը շահագրգիռ կլինի թույլ չտալ նման բան»:

Հարցին` արդյոք դա վերաբերում է միայն ամերիկյա՞ն ուժերի տեղակայմանը, թե՞ ցանկացած երկրի խաղաղապահ զորքերին, Իրանի դեսպանը պատասխանեց¸ թե դեռ վաղ է այդ մասին խոսել¸ որովհետեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակվում են, եւ դեռ երկար ժամանակ կքննարկվի այդ խնդիրը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման հարցում Իրանի դերակատարությանը, ապա իրանցի դիվանագետը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե հաշվի առնելով երկրի պոտենցիալը եւ հնարավորությունները` Իրանը կարող է ունենալ իր միջնորդական առաքելությունը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրին` Սեյեդ Ալի Սաղայիանը հայտարարեց, թե վերջին 30 տարիների ընթացքում բոլոր պատժամիջոցները¸ որոնք կիրառվել են Իրանի նկատմամբ, ավելի շատ նպաստել են Իրանի միասնության ամրապնդմանը:

Իսկ այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին կողմ է քվեարկել նաեւ Ռուսաստանը, դեսպանի խոսքերով` Իրանի ժողովրդի հիշողության մեջ բացասական հետք կթողնի, սակայն չի ազդի Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա, որովհետեւ երկու երկրներն էլ տարածաշրջանում մեծ նշանակություն ունեն: «Ռուսաստանը Իրանին է անհրաժեշտ, Իրանն էլ` Ռուսաստանին», - ընդգծեց նա:

Իրանցի դիվանագետը քննադատության ենթարկեց Միացյալ Նահանգներին, հայտարարելով, թե հաշվի առնելով իր «բռնատիրական» ցանկությունները` ԱՄՆ-ն մշտապես ջանացել է ներկա գտնվել այն տարածաշրջաններում, որոնք հարուստ են էներգակիրներով, օրինակ` Իրաքում, Աֆղանստանում եւ Հարավային Կովկասում:

«Բայց եթե լինի տարածաշրջանային ինտեգրացիա, այդ դեպքում կարիք չի լինի, որպեսզի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերը գան այստեղ եւ իրենց ներկայությունը պարտադրեն մեզ»¸ - եզրափակեց Հայաստանում Իրանի դեսպանը: