Լեւոն Տեր-Պետրոսյան. - «Եթե չի միանում այս շարժմանը, Արթուր Բաղդասարյանը կատարում է դավաճանություն»

Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այսօր ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիում հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը:

Մեղրիի հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրականում կա նախագահի երկու թեկնածու` ինքը եւ Սերժ Սարգսյանը:

«Մնացյալ թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել, ինչպիսի հայրենասիրական ճառեր, ինչպիսի բարոյական սկզբունքներով էլ, քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը այս ընտրություններին, նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի սայլին: Եվ այդ թեկնածուների շարքը սպառնում է համալրել նաեւ Արթուր Բաղդասարյանը: Հիմա ինչ կուզենա ասի` եթե չի միանում այս շարժմանը, Արթուր Բաղդասարյանը կատարում է դավաճանություն: Եվ նա օգնում է Սերժ Սարգսյանին», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաեւ Մեղրին ու Ղարաբաղը փոխանակելու մասին` անցած շաբաթ հանրահավաքում հրապարակած պայմանագրի նախագծին` ասելով, որ մինչեւ 1999 թվականը նման փաստաթուղթ չի եղել. - «Առաջին անգամ դա որպես պաշտոնական առաջարկ ձեւակերպվել է 1999 թվականի աշնանը, երբ ես երկու տարի արդեն թոշակառու էի: Ուրեմն 99 թվականի աշնանն է այդ փաստաթուղթը ստեղծվել, դրվել սեղանի վրա, ընդունվել, լիարժեք համաձայնություն ստացել Հայաստանի իշխանությունների կողմից: Կոնկրետ` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի կողմից»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)