Միխայիլ Խոդորկովսկին հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Վասիլի Ալեքսանյանի

Չիտայի մեկուսարանում բանտարկված` ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի:

Խոդորկովսկու ինտերնետային կայքում այսօր տեղադրվել է Ռուսաստանի գլխավոր դատախազին ուղղված հայտարարությունը, ուր ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը հայտնում է, որ մեկուսարանում գտնվող ծանր հիվանդ Ալեքսանյանի վիճակի պատճառով ստիպված է դիմել այդ քայլին:

«Ես ստիպված եմ դուրս գալ ընթացակարգային շրջանակներից եւ տեղեկացնել Ձեզ հացադուլ սկսելու մասին: Մեծ հույսեր ունեմ, որ Ձեր գլխավորած գերատեսչությունը որոշում կընդունի` երաշխավորելու համար Վասիլի Ալեքսանյանի կյանքն ու նրան բժշկական օգնություն ցուցաբերելը», - նշել է Խոդորկովսկին:

Նրա փաստաբանն ասել է, որ Խոդորկովսկին չոր (առանց ջուր օգտագործելու) եւ անժամկետ հացադուլ է հայտարարել` այնքան ժամանակ, քանի դեռ Ալեքսանյանը հիվանդանոց չի տեղափոխվել:


Հրաչ Մելքումյան, Պրահա