Արազ Ազիմով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարող է խթանել տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում»

«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական համագործակցություն համար», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի կազմակերպած «Տնտեսություն, անվտանգություն եւ պաշտպանություն» սեմինարում, Ազիմովը ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի առաջընթաց կա: Կողմերը բանակցում են բոլոր գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման հնարավորությունների, հաղորդակցությունների վերականգնման եւ փախստականների վերադարձի հետ կապված հարցերի շուրջ»:

«Այնուհետեւ քննարկումները կկենտրոնանան Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման հարցերի վրա», - նշել է դիվանագետը:

«Տարածաշրջանային համագործակցության հիանալի մոդել կարող են լինել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ էներգետիկայի ոլորտում հարաբերությունները», - ասել է Ազիմովը, - « Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տարածաշրջանի երրորդ երկիրը կորցնում է իր հնարավորությունները»:

«Տարածքային փոխզիջումները անընդունելի են, նման հակամարտությունը չի կարող լուծվել նման հիմքերով», - շեշտել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը:

Ըստ նրա, հարավ-օսական հակամարտության կարգավորման շուրջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու նախաձեռնությունները «Ադրբեջանի համար կարող են դառնալ հիանալի գործոն, որը լիցք կհաղորդի նման հակամարտությունների լուծմանը»: