Տարաձայնույությունները սահմանադրական փոփոխությունների փաթեթում չեն դառնա կոալիցիայի փլուզման պատճառ

Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների արդյունքում պետք է պահպանվի երկրի նախագահի՝ միայն երկու ժամկետ անընդմեջ պաշտոնավարելու նորմը:

Քանի որ սահմանադրական փոփոխությունները, ըստ նրա, դեռեւս քննարկման փուլում են, խոհանոցը չբացելով՝ ասաց, որ քաղաքական կոալիցիայի ներսում տարաձայնություններ կան որոշ հարցերի շուրջ, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ: Բայց դրանք անվանելով երկրորդ պլանի հարցեր, ասաց, որ դաշնակցությանն առիթ չեն տա դուրս գալու կոալիցիայից, քանի որ կոալիցիայի գոյությունն ապահովում է երկրի կայունությունը:

Վահան Հովհաննիսյանը չհամաձանեց գերեզմանային կայունություն հարցադրմանը՝ ճշտելով. «զարգացող կայունություն»:

«Արդարություն» դաշինքի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է նույն հիմնավորմամբ, ինչ 1998 թվականին կարճվեց Վահան Հովհաննիսյանի գործը: «Շատ ծանոթ ձեւակերպում է»,- ասաց նա:
Արտաքին քաղաքական հարցեր եւս հնչեցին Մամուլի Ազգային ակումբում այսօր կայացած հանդիպման ժամանակ: Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ միջազգային աշխուժացումը Վահան Հովհաննիսյանը տագնապալից չի տեսնում նախ այն պատճառով, որ պարզապես ամառն է ավարտվել, շատերն են վերադարձել իրենց գործին: Չհաշված, որ այդ ամենն ուղեկցվում է Ադրբեջանից հնչող ռազմատենչ կոչերով, ինչը բացատրում է, թե ի տարբերություն հայր Ալիեւի ժամանակաշրջանի, նախագահի վերահսկողությունն Ադրբջանում այժմ ավելի թույլ է: Էքստրեմիզմն էլ, Ադրբեջանում ոչ միայն տարածվում է, այլեւ սկսել է դրսեւորվել նաեւ Իլհամ Ալիեւի մեջ:

Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողոդվում նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցն անվանելով բավական անդուր, որը, նրա բնորոշմամբ, նավթային ընկերությունների կազմածն է, առնչություն չունի Եվրախորհրդի հետ: Սակայն նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ իրավական ուժ այնուամենայնիվ կունենա փաստաթուղթը, հաշվի առնելով, որ Թերի Դեւիսն այժմ վեհաժողովի գլխավոր քարտուղարն է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի խմբի համանախագահ Սթիվըն Մանն էլ, ըստ Վահան Հովհաննիսյանի, իր վերջին հայտարարությամբ ոչ մի նոր բան չի ասել՝ «մենք չգիտեի՞նք, որ հաղորդակցությունները մեզ շրջանցելու են, շրջափակման մեջ ենք»: Արտգործնախարար Օսկանյանի պատասխանի մեջ էլ նա սպառնալից տոն չի տեսնում, ինչպես նաեւ չի կիսում Վիկտոր Դալլաքյանի մեկնաբանությունը, թե նախարարի պատասխանը տղայական էր: Եվ ոչ թե տագնապի, այլ աշխատելու տեղ է տեսնում այստեղ դաշնակցության բյուրոյի անդամը:

Իրաք հայկական ուժեր ուղարկելու խնդրի շուրջ ՀՅԴ բյուրոյի անդամ եւ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց, թե քանի դեռ Լեհաստանում ստորագրված համապատասխան համաձայնագիրը ոչ միայն Ազգային Ժողով, այլեւ Սահմանադրական Դատարան չի ներկայացվել, դաշնակցություն խմբակցությունը դեռեւս վերջնականապես չի որոշել, թե ինչպես է քվեարկելու վավերացմանը:

Ամեն դեպքում գործադիր իշխանությունը նման քայլի է գնում հակաահաբեկչական պայքարի ենթատեքստում, բացատրում է նա՝ ավելացնելով, թե այն փաստարկները, որոնք պատճառ դարձան հենց սկզբից կոլիցիային չմիանալու համար ուժի մեջ են: Հայաստանը մնում է կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ եւ «եթե մենք մեր դաշնակիցների հետ չկարողանանք ճիշտ լուծել՝ ճիշտ վարված չենք լինի»,- ասաց նա:

Ռուզան Խաչատրյան