Իրանի արտգործնախարարը Հայաստանի ղեկավարության հետ քննարկում է հարցերի լայն շրջանակ

Մեկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գնտվող Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ՝ քննարկելով տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններիին վերաբերող հարցերի բավական լայն շրջանակ:

Այցի առանցքային նպատակներից էր նաեւ Իրանի նախագահ Սեյեդ Մոհհամմադ Խաթամիի Հայաստան այցի նախապատրաստումը՝ ի պատասխան նախագահ Քոչարյանի անցած տարվա պաշտոնական այցի: Իրանի նախագահի առաջիկա այցը, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանային բնույթ կկրի, քանի որ Երեւանից առաջ Խարազին նույն հարցով բանակցություններ է վարել նաեւ Բաքվում:

Ինչպես հնչեց երկու երկրների արտգործնախարարների համատեղ ասուլիսում, Իրանի նախագահի առաջիկա այցը պարզապես փոխադարձության սկզբունքով կատարվող իրադարձություն չի լինելու, այլ միջպետական հարաբերությունների նոր որակ պայմանավորող միջոցառում:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին, համատեղ տնտեսական ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասուլիսում ասաց, թե երկկողմ հարաբերությունների շրջանակում ցանկացած իրադարձություն խթանում է փոխադարձ ծրագրերի աշխուժացումը:

Իրանի արտգործնախարարի այցը եւս պարոն Օսկանյանը դիտարկեց այդ շրջանակում՝ տեղեկացնելով, որ իրանական կողմը Հայաստանին է հանձնել Քաջարանի թունելին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ հայկական կողմը Իրանին է ներկայացրել կառուցվելիք Իրան - Հայաստան գազամուղի հետ կապված «որոշ հարցեր»:

«Պարոն Խարազիի այցելությունը հերթական դրական առաջընթացը արձանագրեց այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ», - ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ չի անտեսվել նաեւ էներգետիկայի բնագավառը:

Մյուս էական հարցը, որը, ըստ երեւույթին լուրջ քննարկման առարկա է դարձել բանակցություններում եւ որի մասին եւս բավականին խոսվեց մամլո ասուլիսի ժամանակ, տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման խնդիրն է:

Քամալ Խարազիի ներկայացմամբ, Հարավային Կովկասի անվտանգության համակարգը Իրանին պատկերանում է 3 + 3 սկզբունքով, այսինքն՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան գումարած հարեւան Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Հայաստանը, հիշեցնենք, ավելի հակված է 3 + 3 + 2 սկզբունքին, որը բացի նշված երկրներից ներառում է նաեւ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը:

«Տարածաշրջանային անվտանգության համակարգը իմաստ կունենա միայն այն ժամանակ, եթե դրան մասնակցեն բոլոր երկրները՝ ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը», - ասաց Խարազին: Հակառակ պարագայում տարածաշրջանային այդ համակարգի կայացումը կասկածի տակ առնելով՝ Խարազին ողջունեց նախագահներ Քոչարյանի ու Ալիեւի բանակցությունների փաստը:

Վարդան Օսկանյանն էլ իր հերթին նշեց, թե անվտանգության նկատառումներով առաջին հերթին հարկավոր է բացառել տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացումը:


Արմեն Զաքարյան, Երեւան