Կուբանի ափամերձ հատվածի մազութով աղտոտվածությունն արդեն 54 կիլոմետր է կազմում՝ Կերչի նեղուցում երկու տանկերի վթարից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղտոտված է 49 կիլոմետրը։
Տեղական իշխանությունները նշում են, որ հիմնական աղտոտումը Անապայի ափամերձ գոտում է։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 6 հազար մարդ և ավելի քան 300 միավոր տեխնիկա ներգրավվել է Սև ծովի ափի մաքրման աշխատանքներին։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ ափի մաքրումը կարող է տևել մոտ մեկ ամիս։
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում խորտակվել են մազութով բեռնված երկու տանկեր՝ Volgoneft-212-ը և Volgoneft-239-ը։ Մոտ 3 հազար տոննա մազութ լցվել է Սև ծով՝ Անապայի շրջանում։ Նավերի վրա համապատասխանաբար 13 և 14 մարդ է գտնվել։ Անձնակազմի մեկ անդամ զոհվել է, մյուսներին հնարավոր է եղել տարհանել։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որպես տանկերի կործանման պատճառ նշել է եղանակային բարդ պայմանները՝ սաստիկ քամիներն և մինչև յոթ բալ ծովի ալիքները։ Միաժամանակ RIA Novosti-ն հայտնում է, որ Volgoneft 239-ը նավարկելու թույլտվություն չի ունեցել։ Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17 -ին մեկ այլ տանկեր՝ Volgoneft-109-ը, բեռնված մազութով, դարձյալ աղետի ազդանշան է ուղարկել, սակայն այս մի դեպքում վառելիքի արտահոսքից հնարավոր է եղել խուսափել։