Հայաստանն ակտիվորեն մասնակցել է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագծի փորձագիտական հաստատմանը, առաջարկություններ արել, դրանցից շատերը հաշվի են առնվել, սակայն վերջնական փաստաթուղթը չի ստորագրել, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ Երևանն այնուամենայնիվ չի ստորագրել փաստաթուղթը, Զախարովան պատասխանել է․ - «Թե ինչու Հայաստանի արտգործնախարարը փաստաթուղթը չստորագրեց ԱՊՀ երկրների նախարարների խորհրդում, ավելի լավ է թող ինքն այդ հարցին պատասխանի, իսկ իմ անձնական կարծիքը թող մնա ինձ»։
ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ դատապարտել են միակողմանի պատժամիջոցները, հորդորել զերծ մնալ նման քայլերից։ Համատեղ հայտարարությունն ընդունվել է Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից և կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը, հատկապես զարգացող երկրներում»,- նշվում է համատեղ հայտարարությունում, սակայն, չի հստակեցվում, թե որ երկրի դեմ պատժամիջոցներն են «անթույլատրելի», որ երկրներին է խորհուրդ տրվում «ձեռնպահ մնալ» պատժամիջոցներից։
«Ազատության» հարցմանն ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը միայն տեղեկացրել էր, որ Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին՝ առանց մանրամասնելու։
Ուկրաինա ռազմական ներխուժմանն ի պատասխան Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տարբեր ոլորտների նկատմամբ, մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, զգուշացրել են, որ կարող են թիրախավորել նաև այն երկրներին, որոնք կօգնեն Մոսկվային շրջանցել սահմանափակումները։