Մատչելիության հղումներ

Օբաման պատրաստվում է 2012-ին վերանվաճել Սպիտակ տունը


Բարաք Օբամա
Բարաք Օբամա

Միացյալ Նահանգներում 2012 թվականի նախագահական ընտրությունների մրցավազքը կարելի է մեկնարկած համարել, չնայած դեռեւս հայտնի է միայն Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:

Մինչ մրցակից հանրապետականները դեռ չեն հստակեցրել իրենց թեկնածուին, ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է Սպիտակ տունը վերանվաճելուն:

2012 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու եւ ընտրարշավը սկսելու մասին Օբաման հայտարարեց երկուշաբթի օրը իր կայքում:

«Ընտրարշավը սկսվում է, մենք բացում ենք գրասենյակները եւ սկսում ենք շփվել մեր աջակիցների հետ, ինչպիսին դուք եք: Դուք կօգնեք մեզ գտնել ճանապարհը դեպի հաղթանակ», - ազդարարում է կայքը:

«Ամեն ինչ սկսվում է մեզնից»` Օբամայի քարոզարշավի առաջին կարգախոսն է, որով իր ընտրարշավը սկսում է դեմոկրատների թեկնածուն:

Իսկ կայքում տեղադրված առաջին նախընտրական տեսահոլովակում տարբեր նահանգների բնակիչները փոքրիկ հարցազրույցներում ողջունում են ԱՄՆ-ի նախագահի կրկին առաջադրվելու քայլն ու խոսում Օբամայից իրենց ակնկալիքներից:

Կայքում արդեն իսկ առաջարկվում են 2012 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Օբամային սատարող գրառումներով հուշանվերներ ու շապիկներ:

The Washington Post-ը նկատում է նախագահական մրցավազքի վաղ մեկնարկն ու դա պայմանավորում այս ընտրարշավի համար պահանջվող մեծ գումարով, որը Օբաման հույս ունի հավաքել իր աջակիցներից:

Դրամահավաքը սկսվելու է արդեն ապրիլի 14-ին` Օբամայի հայրենի Չիկագոյում, ուր տեղակայված է նրա գլխավոր շտաբը: Այնուհետեւ նմանատիպ երեկոներ կլինեն նաեւ այլ խոշոր քաղաքներում: Մինչ այդ Օբամայի թիմը դեռ պետք է նախընտրական հիմնադրամների բոլոր անհրաժեշտ փաստաթղթային ձեւակերպումներն ավարտի:

Ամերիկացի փորձագետների հաշվարկներով` Օբամայի շտաբը այս անգամ կարող է հավաքել մեկ միլիարդ դոլարից ավելի. նախորդ` 2008 թվականի ընտրություններում գումարը 750 միլիոն դոլար կազմեց:

Հանրապետականները իրենց թեկնածուին դեռ պետք է ընտրեն, ինչը բավական երկար ժամանակ կպահանջի: Առաջադրվելու ցանկություն արտահայտել են Մինեսոտա նահանգի նահանգապետ Թիմ Փելենթին, սենատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը եւ եւ Ալյասկայի նախկին նահանգապետ, 2008 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինը:

Փորձագետները առայժմ դժվարանում են կանխատեսել, թե ով կլինի Օբամայի մրցակիցը:

Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում սպասվում են 2012 թվականի նոյեմբերին: Ընտրված նախագահն իր լիազորությունները կստանձնի 2013-ի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG