Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցները ակցիաներ են սկսում ի պաշտպանություն Փաշինյանի


Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր բողոքի քննության ժամանակ, 15-ը փետրվարի, 2011թ.
Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր բողոքի քննության ժամանակ, 15-ը փետրվարի, 2011թ.
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ շարունակական ակցիաներ են սկսում ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի:

Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ խմբագիրներ, իրավապաշտպաններ հինգշաբթի օրը փակ հավաք են անցկացրել «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունում եւ որոշել են Փաշինյանի ազատ արձակման պահանջով իրենց քայլերը:

Նախատեսվող միջոցառումների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ Աննա Հակոբյանը արձագանքեց. - «Քննարկվեց այն հարցը` արդյոք հավաքից անմիջապես հետո պետք է միջոցառումների ցանկը հրապարակվի՞, թե՞` ոչ, եւ որոշում կայացվեց, որ պետք է չբացել փակագծերը եւ միջոցառումների ցանկը չհրապարակել: Կարող եմ միայն ասել, որ միջոցառումները մի քանիսն են, այսինքն` շարունակական բնույթ են ունենալու, դրանց ժամանակացույցը որոշված է, եւ հերթով մեկը մյուսին կհետեւեն»:

Հարցին, թե «ի՞նչ բնույթի են լինելու միջոցառումները` ցույցեր, հավաքներ, ասուլիսներ, մոտավորապես ի՞նչ է նախատեսվում», Աննա Հակոբյանը պատասխանեց. - «Ձեր ասած բոլոր միջոցառումներն էլ մտնում են որոշման մեջ, այսինքն` ե'ւ երթ կարող է լինել, ե'ւ մամուլի ասուլիս, կլինեն նաեւ այլ տիպի նախաձեռնություններ»:

Հավաքին, ըստ «Հայկական ժամանակ»-ի հրատարակչի, մասնակցել են «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, Lragir.am ինտերնետային կայքի ղեկավար Հայկազն Ղահրիյանը: «Միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեին նաեւ «168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը: Կային մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չկարողացան ներկա լինել, բայց կողմ են բոլոր նախաձեռնություններին, այսինքն` բացի այն մարդկանցից, ովքեր ներկա էին, կան բազմաթիվ այլ ղեկավարներ, ում հետ համաձայնեցված է, եւ որոնք իրենց մասնակցությունն են բերելու բուն միջոցառումներին», - հավելեց Աննա Հակոբյանը:

Նա նշեց, որ սա զուտ լրագրողական միջոցառում է` խմբագիրների նախաձեռնությամբ, «եւ խմբագիրները կրկին իրենց գործընկերոջ ճակատագրով մտահոգված` որոշել են ձայնը բարձրացնել եւ չլռել, որովհետեւ նախորդ ակցիաները եւ բոլոր տեսակի ճնշումները, ինչպես երեւում է, մինչեւ այսօր արդյունքի չեն հասել»:

Ընդդիմադիր գործիչ, խմբագիր Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ է 2009 թվականի հուլիսից : 2010 թվականի հունվարին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ համաներում կիրառվեց եւ պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվեց. այսպիսով, Փաշինյանը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնան վերջին: Մինչդեռ ե'ւ ընդդիմությունը, ե'ւ գործընկերները շարունակում են հանդես գալ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով:
XS
SM
MD
LG