Մատչելիության հղումներ

Սիրիայի հայ համայնքի համակրանքը երկրի իշխանությունների կողմն է


Սիրիա - Բողոքի ցույց մայրաքաղաք Դամասկոսում, 25-ը մարտի, 2011թ.
Սիրիա - Բողոքի ցույց մայրաքաղաք Դամասկոսում, 25-ը մարտի, 2011թ.
Արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքով` բնական է, որ Սիրիայի հայությունը այս օրերին միանշանակորեն սատարում է գործող ռեժիմին, որի դեմ վերջին օրերին հուժկու բողոքի ցույցեր են տեղի ունենում, քանի որ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը Սիրիայում բնակվող հայերի համար կայունության, ապահովության, որոշ առումով` նաեւ համայնքի գոյության երաշխիք է:

Փաշայանը, ով Սիրիային առնչվող մի շարք հետազոտությունների հեղինակ է, երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե անցած դարի վաղ 70-ականներից Սիրիայում իշխող Ասադների ընտանիքը ավանդաբար բարյացակամ է եղել ազգային փոքրամասնություների հանդեպ, եւ ներկայիս նախագահը զգալի հենարան ունի էթնոդավանաբանական փոքրամասնությունների շրջանում:

Արաբագետի խոսքով` ի տարբերություն այս օրերին ներքաղաքական ցնցումներ ապրող մի շարք արաբական երկրների, Սիրիայում գործող ռեժիմը` նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, համընդհանուր ատելության թիրախ չէ, ուստի դժվար է ակնկալել, որ շատ մոտ ապագայում այնտեղ իշխանափոխություն տեղի կունենա:

«Ես կարծում եմ, որ Բաշար ալ-Ասադը որոշակիորեն խարիզմատիկ գործիչ է եւ նաեւ հասարակության մի զգալի հատվածի աջակցությունը ունի: Ճիշտ է` կա աղքատություն, դա դժգոհություն, բայց նաեւ Դամասկոսում ու շարք այլ քաղաքներում Բաշար ալ-Ասադին աջակցող հանրահավաքներ տեղի ունեցան: Ձեւավորվել են երկու ճամբարներ` նախագահամետ եւ վարչակարգի դեմ», -ասաց Փաշայանը:

Արաբագետը, այդուամենայնիվ, նշում է, որ այսօր Սիրիայում լրջագույն ներքաղաքական խնդիրներ կան, որոնք կարող են սպառնալ Ասադների իշխանությանը` նախ խոսքի ազատության իրավունքի բացակակությունը, ապա այն, որ այնտեղ ալաուիական փոքրամասնությունը իշխում է երկրում սուննիական մեծամասնությանը, որը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում:

Օրերս արաբական երկրներում ապրող հայերի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը. - «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր: Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով»:

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Սիրիայի հայ համայնքը երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին չի մասնակցում, հակառակը, ըստ վերջինիս, տեղի հայերի համակրանքը ամբողջությամբ գործող իշխանությունների կողմն է:

«Մեզ համար այս կառավարաություննը լավագույնն է», - ասաց Ջամբարջին:

Մինչդեռ Արաքս Փաշայանը նկատում է, որ Սիրիայի քրիստոնյա համայնքներն ու մասնավորապես, հայ բնակչությունը լուրջ մարտահարվերների առջեւ են կանգնած:

«Տարեցտարի նախ քրիստոնյաների շրջանում ավելի է մեծանում արտագաղթի տեմպերը, ուղղակի հեռանում են դեպի Եվրոպա, ԱՄՆ, Կանադա: Քրիստոնյաների դիրքերը խոցելի են այնքանով, որ ցանկացած ճգնաժամի ժամանակ նրանք հայտնվում են բարդ իրավիճակի մեջ», - շեշտում է Փաշայանը:

Թեեւ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը վերջին օրերին արդեն իսկ սկսել է որոշ բարեփոխումներ իրականացնել, բողոքի հուժկու ցույցերն, այդուամենայնիվ, չեն դադարում: Դրանք հատկապես սաստկացան այն բանից հետո, երբ իրավապահները կրակ բացեցին ցուցարարների վրա, ինչի արդյունքում, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, զոհվեց ավելի քան 100 մարդ: Պաշտոնական Դամասկոսի տվյալներով զոհերի թիվը 30 է:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ` Սիրիայի իշխանությունների կարեւորագույն քայլը կլիներ 1963 թվականին երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի չեղյալ հայտարարումը:

Նախագահ Ասադի ներկայացուցիչները հենց իրենք են նշում, որ ցուցարարների պահանջները արդարացի են, եւ արդեն իսկ հայտարարել են երկրում քաղաքական ծավալուն բարեփոխումների իրականացման իրենց մտադրության մասին:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG