Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի և Թուրքիայի հովանավորած ապստամբների միջև բախումների ֆոնին Անկարա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ թուրքական իշխանությունների հետ քննարկելու Սիրիայում կայունության հաստատման ուղիները։
Թուրքիայի նախագահականը X-ում նախագահ Ռեջեփ Էրդողանի և Բլինքենի հանդիպման լուսանկարն է հրապարակել միայն, բանակցությունների մասին մանրամասներ սակայն չի հաղորդել։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Բլինքենը քննարկել է ԱՄՆ-Թուրքիա ուժեղ տարածաշրջանային համագործակցությունն ու աջակցությունը Սիրիայում կառավարության փոխանցմանը «դեպի հաշվետու և ներառական կառավարություն»:
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Սիրիայում մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և խաղաղ բնակիչներին պաշտպանելու հնարավոր բոլոր քայլերի, ինչպես նաև մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու կարևորությունը։
Այսօր Անկարայում նախատեսված է նաև ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներ Վաշինգտոնն ու Անկարան Սիրիայի 13-ամյա պատերազմի ընթացքում աջակցում էին Ասադի ռեժիմին ընդդիմացող ուժերին, սակայն երկու երկրների շահերը բախվեցին Սիրիայում վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում Վաշինգտոնի գլխավոր դաշնակից քրդական խմբավորումներն ու թրքամետ կազմավորումները սկսեցին փոխադարձ հարձակումները՝ ձգտելով նոր տարածքներ գրավել Սիրայում։