Մատչելիության հղումներ

«Ծննդաբերել 51 տարեկանում». բժիշկները վաղուց նման դեպք չեն հիշում


Սիրանուշ Մանանդյանի երջանկությունը տաքուկ օրորոցում է։ Եվան արդեն հաղթահարել է ժ ամկետից մի քիչ շուտ ծնված նորածնի բոլոր խնդիրները, երկու կիլոգրամ քաշ ունի և անընդհատ ուրախացնում է մայրիկին, նրա չքնելն անգամ հոգս չէ:

Սիրանուշը 51 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին և այժմ նրան կերակրում է բացառապես մայրական կաթով:

Արտամարմնային բեղմնավորում, հղիության հսկողություն. ամբողջ գործընթացը Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում էր: Պրոֆեսոր Օկոևը 40 տարվա մասնագետ է՝ այսպիսի դեպքեր շատ քիչ է հիշում:

Սիրանուշն ասում է՝ անկախ տարիքից, վստահ էր, որ մայրությունն իր առողջությանը չի վնասելու... հղիությունն ընթացել է խաղաղ, ինքն էլ ամեն օր գործի է գնացել:

«Փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալու հարց չի էլ քննարկվել, ոչ մենք, ոչ էլ Սիրանուշը չէինք հանձնվում», - ասում է նրա բժիշկը՝ ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը:

Արտամարմնային բեղմնավորման մի քանի փորձ ձախողվեց, բայց հուսահատվող չկար:

Եվան օրեր շարունակ նորածնային վերակենդանացման բաժանմուքնում անցկացրեց, քաշ հավաքեց մոր մատը սեղմած, մինչև ի վերջո բոլոր ռիսկերը մնացին անցյալում։

Սիրանուշը պատմում է՝ ինքն ու ամուսինը երեխաներ շատ են սիրում, միայն թե ուշ են ամուսնացել, ինքն արդեն 45 էր, միանգամից անցել են գործի ու արդեն հաջողել, իսկ թե ինչո՞ւ են ուշ ամուսնացել 20 տարվա սիրահարները՝ Սիրանուշն ի պատասխան ծիծաղում է, չգիտի: Եվ քանի որ արդեն շատ ժամանակ չունեն՝ հայաստանյան օրենսդրությամբ մինչև 53 տարեկանն է թույլատրվում օգտվել վերարտադրողական օժանդակ միջոցներից, Սիրանուշն ու ամուսինը շուտով պետք է անցնեն երկրորդ և հաջորդ երեխաներին:

51-ամյա կինը, բնականաբար, չի օգտվել անպտղության հաղթահարման պետական ծրագրից, քանի որ դրանով արտամարմնային բեղմնավորում, օրինակ, կարող են անել մինչև 36 տարեկանները, ներարգանդային սերմնավորման փորձն էլ անվճար է մինչև 43 տարեկանների համար, բացառություն են զոհված զինծառայողների ծնողները՝ նրանք անպտղության հաղթահարման բոլոր միջոցներից կարող են անվճար օգտվել՝ մինչև 53 տարեկանը։

Անցյալ տարի պետական այս ծրագրով 159 փոքրիկ է ծնվել, նրանցից 28-ը զոհված զինծառայողների ընտանիքում։ Սիրանուշը, որ իր հաջորդ բալիկներին էլ կունենա առանց պետական աջակցության՝ շատ է ուզում, որ կանայք տարիքին չնայեն, չվախենան ու մայրանան. եթե դեռ չեն ոգևորվել, թող իրեն նայեն ու իր Եվային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG