Մատչելիության հղումներ

Մեռյալ քաղաքում՝ երկու ամիս մեն-մենակ. Կամո Առաքելյանին ընդամենը երեք շաբաթ առաջ են դուրս բերել Արցախից


«Մարդ չկա, մարդ-մուրդ չկա, շնչառություն էլ չկա՝ մեռյալ քաղաք»: Ինչպե՞ս է մեռյալ քաղաքում երկու ամիս մեն-մենակ ապրել Ստեփանակերտի թատրոնի դերասան Կամո Առաքելյանը, ընդամենը երեք շաբաթ առաջ է Կարմիր Խաչի մեքենան նրան դուրս բերել Արցախից՝ ծայրահեղ ծանր վիճակում. երիկամային խնդրով, թոքերում ջուր, ձեռքի, ոտքերի սուր ցավերով։

«Սկոռի պոմոշչը [շտապ բուժօգնության մեքենան. - խմբ.] տարավ մինչև Գորիս, Գորիսում մի քիչ սպասան, էդտեղ ինչ-որ կերակուր-մերակուր են տվալ, նոր արդեն էլի սկոռի պոմոշչ ա, բայց նոր սկոռի պոմոշչներից ա, էլի, ես էլ հետևին պառկած եմ էլալ», - «Ազատությանը» պատմեց Առաքելյանը:

Երևանյան հիվանդանոցից մի քանի օր առաջ է դուրս գրվել, հիմա քրոջ խնամքին է՝ «ինձ համով բաներ է տալիս»:

Կամո Առաքելյանն այնքան երկար է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում, որ Բաքվի միգրացիոն ծառայությունը նրան քաղաքացի դարձնելու գործընթաց էր սկսել։ Իսկ ինչու է մնացել. - «Մտածել եմ, որ մի իրեք օրից հետո հետ կգան, ո՞ւր պիտի գնան, նորից կարող ա Երևանից հետ գան: Խուճապի չեմ մատնվել, էլի»:

Կգան, շուտով հետ կգան՝ Կամո Առաքելյանը Ստեփանակերտի իր տանն է մնացել, սպասելով, որ թատրոնի անձնակազմը կվերադառնա, ինքն էլ գործի կգնա: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, ասում է, գրեթե մենակ էր քաղաքում, բայց բոլորը հետ եկան, չէ՞:

«Թնդանոթնին սկսել էին դմփդփմալ, դըմփ, դըմփ, դըմփ, տունը դղրդում էր, ասում էի՝ էս երկրաշարժ ա»:

Մի օր շատ վախեցավ, կարծեց՝ պատերազմը վերսկսվել է, հետո այստեղ՝ քրոջից իմացավ, որ նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում ռազմական շքերթ է եղել , նրա հետ նույն քաղաքում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր՝ շքերթի մասնակից, Կամոն՝ անկողնում։

«Տնից դուրս չէի գալիս, մենակ ջուր եմ խմել»:

Ուտելու բան որ փնտրեր՝ կգտներ, բայց, ասում է, «ապետիտ» չկար ... Ամեն ինչ կարող էր շատ վատ ավարտվել, եթե մի օր նրան չայցելեին հարևան տներից մեկում հաստատված ադրբեջանցի երկու զինված ոստիկաններն ու տիկին Մոնիկան. - «Դե Մոնիկան, մի քիչ ճակատագրական պատահականություն ա էղել տիկին Մոնիկայի գալը: Անգլուհի ա: Տիկին Մոնիկան ա էկալ ինձ ճարալ»:

Ենթադրում է՝ Կարմիր Խաչի աշխատակից է եղել, անգլերեն խոսող ու 60-ամյա Կամո Աառաքելյանի տպավորությամբ՝ պատկառելի տարիքի այդ կինը, իրեն նախ քայլակ է տվել, մարզակոշիկ, ադրբեջանական մանաթ՝ այս վերջինը Հայաստան չի բերել. - «Էդ փողը շրջանառության մեջ չի մտել, էլի»:

Կամոյի առողջական վիճակը նոյեմբերին ավելի է սրվել, «ցավից ուշաթափվում էի», - հիշում է։ Նրան Ստեփանակերտի հիվանդանոց են տարել. - «Հիվանդանոցի բժիշկն էլ ադրբեջանցի ա եղել, ջահել տղայա երիտասարդ, նենց վիրահատել ա, էդ մաչևոյ պուզիրը [միզապարկ. - խմբ.] կա՞... Ուշադրություն չէին դարձնում՝ ադրբեջանցի էր, թե՝ հայ, տենց նացիոնալնի բաներ չի էղել»:

Կամոն հիվանդանոցից տեսակապով քրոջ հետ է խոսել։ Տիկին Ելենան մինչև այդ արդեն Կարմիր Խաչին էր դիմել՝ որոնում էր եղբորը։

«Գնացի, Կամոյի հետ խոսացի, որ հիվանդ ա, ասում եմ՝ խնդրում եմ, տեղափոխեք, էլի, Հայաստան, շատ խնդրեցի», - պատմեց Ելենա Առուստամյանը:

Եղբորն ասել է՝ «ձերոնք, թատրոնի կոլեկտիվը Երևանում է, արի, որ էստեղ գործի գնաս»։ Միայն այսպես է կարողացել համոզել Կամոյին։

Տիկին Ելենան ասում է՝ մինչև սեպտեմբերի 19-ը եղբայրը առողջական մի խնդիր ուներ՝ ոտքերն էին ցավում, ինչո՞ւ է այժմ բազմաթիվ հիվանդություններով ու ցավող մարմնով։

Կամոն պնդում է՝ որևէ բռնություն իր հանդեպ չի եղել. - «Ոչ մի բռնություն, բան»: Քույրը այլ բան է լսել. - «Իրա հետ մի տղու էլ են բերել, ասում ա էդ իրա ընկերը՝ իրան շատ են ծեծել»:

Կամոն դեռ պետք է շարունակի բուժումը, քրոջ ընտանիքի հետ է ապրում, վարձակալած մի փոքրիկ բնակարանում։ Տիկին Ելենան նեղսրտում է՝ եղբոր տվյալները տեղահանվածների բազաներում չկան, անընդհատ իրենից տեղեկանքներ են ուզում, չգիտի՝ անշարժ անկողնուն գամված եղբո՞րը խնամի, թե՞ այդ թղթերի հետևից վազի:

Կամո Առաքելյանը հայկական մի քանի ֆիլմերում է խաղացել: Բեմում էր շուրջ 40 տարի, նրան ճանաչում են նաև որպես թառ, կիթառ ու դաշնամուր նվագողի:

Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիպլոմը Ստեփանակերտից հեռանալիս չի մոռացել. ուշացած տեղահանում է այս ամենը, թե կարճատև հյուրախաղ՝ դերասանական արվեստի ֆակուլտետի շրջանավարտը դեռ չի կողմնորոշվում։

Մեռյալ քաղաքում՝ երկու ամիս մեն-մենակ. Կամո Առաքելյանին ընդամենը երեք շաբաթ առաջ են դուրս բերել Արցախից
please wait

No media source currently available

0:00 0:06:22 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG