Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակում ոչ մարտական ​​պայմաններում մահերը չեն նվազում, պատճառը՝ կոռուպցիա և ոչ միայն


Ադրբեջանական զորամաս, արխիվ
Ադրբեջանական զորամաս, արխիվ

Զեյնաբ Իբրահիմովան իր զինծառայող որդու մահվան լուրը ստացել է անցյալ տարվա հունվարին։ Ասում է՝ պետությունը չի կարողացել խաղաղ պայմաններում պաշտպանել 44-օրյա պատերազմից փրկված զինվորին։

Որդուն դրել են դագաղի մեջ, դրոշով փաթաթել և ուղարկել իրենց։ Չնայած տղային և ևս երկու անձի սպանության մեջ կասկածվողին դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել, հանցագործության բուն պատճառները մինչ օրս չեն բացահայտվել։

Զեյնաբ Իբրահիմովան
Զեյնաբ Իբրահիմովան

«Հայրը զանգ է ստանում՝ դուք Ռաֆայել Իբրահիմովի ծնո՞ղն եք։ Ասում է՝ այո։ Անծանոթ անձն ասում է՝ ձեր տղան սպանվել է։ Չէինք հավատում, Ռաֆայելը ոչ մեկի հետ թշնամություն չուներ։ Ասացին, որ իր ծառայակիցներից մեկը 3 հոգու է սպանել․․․

Ամեն անգամ, երբ խոսում էինք, ասում էր՝ բան չկա, մամա՛։ Ամեն ինչ լավ է, հիանալի», - պատմում է Զեյնաբ Իբրահիմովան:

Խնդիրը նոր չէ

Ադրբեջանում գործող Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրի զինված ուժերում անցյալ տարի ոչ մարտական պայմաններում 58 զինծառայող է սպանվել։ 2021 թվականին այդ թիվն ավելին էր՝ 66։ Տվյալները հիմնված են պաշտոնական հայտարարությունների, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերից ու մահացած զինծառայողների ընտանիքներից ստացած տեղեկատվության վրա:

Դեռ 2013-ին տասնյակ ադրբեջանցիներ Բաքվի կենտրոնում փողոց էին դուրս եկել՝ Ալիևի վարչակազմից պահանջելով բանակում բարեփոխումներ իրականացնել։ Այդ պահանջներին իշխանությունը կոշտ արձագանքեց՝ ջրցան մեքենաներ կիրառելով ցուցարարների դեմ, բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Նույն տարում, այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պաշտոնանկ արվեց։ Սակայն, մինչ օրս՝ տասը տարի անց էլ, ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների՝ ոչ մարտական պայմաններում զոհերի վիճակագրությունը չի բարելավվել։

«Ազատության» ադրբեջանական ծառայության ուսումնասիրության համաձայն՝ միայն այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում առնվազն 11 ադրբեջանցի զինծառայող է սպանվել խաղաղ պայմաններում։ Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ևս մեկ զինծառայողի մահվան մասին՝ որպես պատճառ նշելով ինքնասպանությունը։

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը շեշտում է՝ երկրի ռազմական և այլ պետական գերատեսչություններ հաճախ թաքցնում են զինվորների մահվան դեպքերը, չեն ներկայացնում նաև պաշտոնական վիճակագրություն։ Ըստ լրագրողական ուսումնասիրությունների՝ դեպքերի մեծ մասը որպես կանոն որակվում է որպես ինքնասպանություն։

Քրեական բարքեր, կոռուպցիա ադրբեջանական բանակում

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջեսուր Սումերինլին խաղաղ պայմաններում ադրբեջանցի զինվորականների մահվան հիմնական պատճառը համարում է կոռուպցիան. - «Ոչ մարտական կորուստների թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում՝ չնայած Ադրբեջանի պաշտպանական բյուջեի ավելացմանը։ Իրականում հույս կար, որ զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունը հավուր պատշաճի կլինեն, բայց տեսնում ենք հակառակը։ Թվերը խոսում են այն մասին, որ ռազմական բյուջեի ավելացումը մեծ ազդեցություն չի ունեցել զինված ուժերում կադրային կարգապահության վրա»։

Զեյնաբ Իբրահիմովան համոզիչ չի համարում պնդումը, թե իր որդու սպանությունը հետաքննելիս իրավապահներն ապացույցներ չեն գտել։ Ըստ նրա՝ գործում բազմաթիվ մութ հարցեր անպատասխան են մնում. - «Հանցագործը տղայիս հետ է եղել երկու տարի։ Նրանք Խաչմազում էին, միասին աշխատում էին։ Հետագայում նրանք երկու տարի միասին աշխատել են Լաչինում։ Նրանք նույնիսկ համատեղ լուսանկարներ ունեն»։

«Իր ձայնով գրել է՝ մամա, տղադ ողջ է։ Ես ենթադրում եմ, որ նա կրկին անվտանգ է, դեռ Լաչինում է», - ասում է մայրը։

Ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն նշում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմական իրավիճակով պայմանավորված զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը նվազել էին։ Այժմ, նրա կարծիքով, քրեական բարքերը վերադառնում են։

«Զինդատախազությունը թաքցնում է այդ ամենը։ Բանակի հիմնական մասը ներկայումս գտնվում է ազատագրված տարածքներում, որտեղ բնակչություն չկա, փակ միջավայր է։ Քանի որ պատերազմական գոտի է, նրանք 24 ժամ զինված են։ Պետք է պարբերաբար հերթափոխ իրականացնել առաջնագծում, որպեսզի մարդիկ կարողանան հանգստանալ և այլն։ Հոգեբաններն ու հրամանատարները պետք է աշխատեն անձնակազմի հետ։ Եթե սրան ուշադրություն չդարձնեք, չի բացառվում, որ մահվան դեպքերը կարող են աճել», - շեշտում է փորձագետը։

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը խնդրի վերաբերյալ հարցեր է ուղղել երկրի պաշտպանության նախարարությանը, զինվորական դատախազությանը, պետական սահմանային ծառայությանը։ Ադրբեջանի պետական այդ գերատեսչությունները լրատվամիջոցի հարցերը թողել են անպատասխան։

XS
SM
MD
LG