87 տարեկանում վախճանվել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ քաղաքական գործիչը մահացել է Միլանի «Սան Ռաֆայել» հիվանդանոցում, որտեղ անցած ապրիլից բուժվում էր քրոնիկ լեյկեմիայի հետ կապված թոքերի ինֆեկցիայից։
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Բեռլուսկոնին երկու տասնամյակ ղեկավարել է Իտալիան: 2011 թվականին ստիպված էր թողնել վարչապետի աթոռը երկրում ստեղծված աննախադեպ տնտեսական ճգնաժամի ֆոնին։ 2013 թվականին էլ սենատորի պաշտոնից էր հեռացվել ֆինանսական մեքենայությունների մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։
Վերջին տարիներին Բեռլուսկոնին փորձում էր քաղաքականություն վերադառնալ՝ չնայած նրա նկատմամբ մինչև 2019 թվականը պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի մասին դատարանի ավելի վաղ կայացրած վճռին: 77 տարեկանում ավելի քան երկուսուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել, հաշվի առնելով տարիքը՝ դատարանը որոշել էր նրա բանտային կալանքը փոխարինել ծերանոցում սոցիալական աշխատանքով։
Բեռլուսկոնին բազմիցս է դատական հետապնդումների ենթարկվել, բայց և ամեն անգամ նրան հաջողվել է խուսափել պատժից՝ թե՛ իտալական իրավական համակարգում մանևրելու իր տաղանդի, թե՛ մեղքի ուղղակի ապացույցների բացակայության շնորհիվ:
Իտալիայի ամենաերկարակյաց վարչապետի անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց պատմություններ, այդ թվում՝ աշխարհահռչակ «բունգա-բունգա» սեքսուալ սկանդալը, որի գործով դատարանը Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա հետ գումարի դիմաց սեռական կապ ունենալու մեջ։
Բեռլուսկոնին իր մտերիմներն է համարել աշխարհի ամենահայտնի երկու բռնապետերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին։ Պուտինի հետ բավական սերտ հարաբերություններ ունեցող Սիլվիո Բեռլուսկոնին, ով նույնիսկ նրա հետ հանգստի էր մեկնում, պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի դեմ Արևմուտքի կոշտ քայլերը և մշտապես հրաժարվել է դատապարտել Կրեմլի քաղաքականությունը Ղրիմի հարցում, իսկ Ռուսաստանի ռազմական գործողությունները դատապարտելուց հետո էլ Պուտինի 70-ամյակին, ինչպես հայտարարել է, թանկարժեք գինի է ուղարկել նրան։
«Ես աներևակայելի կերպար եմ», «Միայն Նապոլեոնն է ինձ գերազանցել», «Քաղաքականության մեջ ես Հիսուս Քրիստոսն եմ, զոհաբերում եմ ինձ՝ հանուն բոլորի»։ Աշխարհում կար միայն մեկ քաղաքական գործիչ, ով կարող էր իր մասին նման հայտարարություններ անել առանց կարմրելու՝ ամենայն լրջությամբ և վստահությամբ, որ դա է ճշմարտությունը։ Այդ քաղաքական գործչի անունը Սիլվիո Բեռլուսկոնի է», - գրում է իտալական El Mundo պարբերականը:
Բեռլուսկոնին, ով Իտալիայի վարչապետ է դարձել երեք անգամ, աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Միլան»-ի նախկին սեփականատերն էր։ Թիմը նրա օրոք 8 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում և 5 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: 2017-ին նա ակումբը վաճառել է շուրջ 860 միլիոն ամերիկյան դոլարով և ամիսներ անց ձեռք բերել իտալական ֆուտբոլի երրորդ` C դիվիզիոնի «Մոնցա» ակումբը: