Մատչելիության հղումներ

Մինչև 200 հազար դրամ. դպրոցականների ծնողները դժգոհում են դրամահավաքությունից


DJ, նկարահանումներ, մոնտաժ, լուսավորություն, տորթ և այլն. սա ոչ թե հարսանիքի, այլ վերջին զանգի պատրաստություն է գրեթե բոլոր դպրոցներում։ Այս ամենի համար յուրաքանչյուր աշակերտ նվազագույնը 50 հազար դրամ է վճարում, անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց շրջանավարտի ծնողը։

Նրա խոսքով՝ այդ 50 հազար դրամը դեռ չի ներառում խնջույքի ու նկարահանման գումարը, դրանք էլ առանձին են։ Ասաց՝ դպրոցն ավարտող իր երեխան հրաժարվել է մասնակցել այս ամենին. - «Գումարի տեսքով նվերներ, ոնց հասկացա, դասղեկին, դա պարտադիր է ծախս է համարվում, ենթադրվում է նաև տնօրենին։ Տարբերակները մտածվում է, թե ինչ ձևով դա փոխանցել։ {Դասղեկին} մոտ 120 հազար»։

Կինն անանուն է խոսում, որովհետև առջևում ավարտական քննություններն են, մտավախություն ունի, թե երեխան կարող է տուժել։ Նեղսրտեց՝ հեղափոխությունից հետո էլ բան չփոխվեց, մի տարբերություն կա, որ հիմա հարյուր հազարավոր դրամների հասնող ծախսերի կազմակերպիչները հիմնականում ծնողներն են՝ ծնողկոմիտեի թելադրանքով։ «Առաջընթաց» է համարում այն, որ չեն ստիպում, բայց երեխան ու ծնողն են հոգեբանական ճնշումների են ենթարկվում. - «Երեխաները նկատում են, որ դրանից հետո իրենց գնահատականները որոշ չափով իջնում են, որոշակի կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվում այն երեխաներին, որոնք ակտիվորեն մասնակցում են նմանատիպ միջոցառումներին և այն երեխաներին, որոնց ծնողները ինչ-որ հարցերում բողոքում են, և քանի որ մենք դեռ առաջիկայում ունենք քննություններ, ուստի ես որոշեցի աղջկաս համար ավելորդ խնդիրներ չառաջացնելու համար դեմքս ցույց չտալ»։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա գումարներն օնլայն են վճարվում, հաճախ դրանք հասնում են մինչև 200 հազար դրամի, «Ազատությանը» պատմեցին անանուն մնալ ցանկացող այլ ծնողներ։ Նրանցից մեկն ասաց, որ տնօրենների և ուսուցիչների համար խոսակցության թեմա չբացվի, որոշ ծնողներ դռնեդուռ են այդ գումարը հավաքում. - «Տնօրենությունն արգելում է ցանկացած տիպի դրամահավաքություն, բայց էլի այստեղ հանդիպում ենք ծնողական զանգվածին, ովքեր որոշում են, որ կարելի է շենքերի բակերով անցնել, գումարները հավաքել և ուսուցչին նվեր անելու համար անմիջապես առաքել տուն, որպեսզի ոչ տնօրենը տեսնի, ոչ փոխտնօրենը, և ոչ մեկը այնտեղ»։

Բողոքում են նաև տարրական դասարանն ավարտող երեխաների ծնողները։ 4-րդ դասարանի ծնողներն էլ հետ չեն մնում ավագ դպրոցն ավարտողներից։ Այս ամենին գումարվում են նաև տարվա ընթացքում հավաքվող մանր-մունր գումարները, որը տարեվերջում կրկին մի կլորիկ գումար է դառնում։

«Իմ երեխան այս տարի ավարտում է 4-րդ դասարանը, և ծնողկոմիտեն ինձ փոխանցել է, որ դրմահավաք պետք է կազմակերպվի գումարի չափ է նշել՝ 5000-ից մի քիչ ավելի, ինչ-որ քաղցրավենիք, հյութեցեն պետք դրվի սեղաններին, քննությունների ժամանակ սեղան գցեն ուսուցիչների համար։ Ճիշտն ասած՝ ես դեմ եմ դրամահավքի ցանկացած դրսևորման, բայց փոխանցել եմ գումարը, որովհետև այնպիսի մթոնոլորտ է դասարանում, որ որևէ երեխա եթե չի բերում գումարը, այսինքն՝ ծնողը չի փոխանցում, երեխան ակամա դառնում է «սպիտակ ագռավ»։

Այս բոլոր ծնողները նույն բացատրությամբ են անանուն մնում, ասում են՝ կա՛մ ծնողկոմիտեն է հետո իրենց թիրախավորում, կա՛մ ուսհաստատության ներկայացուցիչները։ «Դեմ չենք, որ էքսկուրսիաների, ճամբարների կամ ուսուցչին մի համեստ ծաղկեփունջ գնելու համար գումար հավաքաենք, բայց այս դեպքում խոսքն ավելի խոշոր ու անհարկի դրամահավաքի մասին է»,- դժգոհում են նրանք։

Բողոքները նաև Կրթության նախարարություն են հասնում, ասում է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ պնդելով, թե հստակ վիճակագրություն չունեն։ Չհստակեցրեց նաև, թե դրանցից քանիսին ինչ ընթացք է տրվել, բայց նա էլ ընդգծեց՝ նախաձեռնողը հիմնականում ծնողներն են։

«Թեև մենք ստանում ենք ահազանգերը, բայց դրանք հիմնականում ծնողների կողմից կազմակերպված գործընթացներ են, և լիազոր մարմինը կարողանում է միջամտել, ընդամենը դպրոցի ղեկավարությանը տեղեկացնել, որ նման ահազանգ կա, բացառել երևույթները, միջոցներ ձեռնարկել կանխելու համար։ Քանի որ դրանք տարբեր մազերում բաշխված են և տարբեր մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ են, և ավագ դպրոցների պարագայում ԿԳՄՍ-ի ենթակայությամբ, այս պահին չեմ կարող հստակ վիճակագրություն ասել, թե քանի դպրոցում և ինչ պատկեր ունենք, բայց մի բան միանշանակ է՝ որևիցե բողոք, որևիցե հայտ չի եկել նախարարություն, որին հետևողական արձագանք չի եղել մեր կողմից», - նշեց նա։

Նախարարի տեղակալն ասում է՝ ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու կամավոր ատեստավորմանն ու ըստ հավաքած բալերի իրենց աշխատավարձը մինչև 50 տոկոս ավելացնել։ Դպրոցներում որակի ստուգումներ իրականացնող Կրթության տեսչական մարմնից փոխանցեցին՝ այս տարի 9 դիմում բողոք են ստացել, դրանցից ոչ մեկը դրամահավաքին չի առնչվել, եթե լիներ, իրավապահներին կուղարկեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG