Մատչելիության հղումներ

ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչները 19 օր է ապրում են վրաններում


Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված բնակիչները շուրջ քսան օր է, ապրում են վրաններում, տղամարդիկ առանձին, կայանք ու երեխաները առանձին։

Տղամարդկանց վրանում երեսուն հոգի են ապրում, երկու վերմակին երեք հոգի են քնում։ Կանանց վրանն էլ մարդաշատ է։

«Պալատկի տակ մանդր էրեխեք կմնա՞ն», - «Ազատությանն» ասաց վրանում ապրող մի կին, որը չներկայացավ. - «Բա էս տարիքիս ամոթ չի՞ ես գամ ստեղ զիբիլների, շների հետ մնամ, տղես էլ էթա սահման պահա՞... Ո՞ւմ համար պահա, ո՞ւմ համար»։

Նրա տասնմեկ հոգանոց ընտանիքը մասնատվել, հարազատների, ծանոթների տներում են տեղավորվել, մինչև մի լուծում գտնվի. - «Կառավարությունը ժամը մեկ բաղնիք ա փոխում, ժամը մեկ տունն ա ձևափոխում... Հլա արեք մի հատ նայեք էլի... ի՞նչ ձևի ենք ապրում։ Էտի ապրեաձև չէ, ուղղակի գոյատրում ենք»։

Մինչև վրանները այս մարդիկ ապրում էին հարևանությամբ գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում։ Կարմիր բերտավորները նրանց շենքից վտարեցին փետրվարի 16-ին, կառավարության որոշմամբ։ Դեռևս անցած տարվանից է որոշում ընդունվել, որ շենքը Պաշտպանության նախարարությունից անցնելու է Պետկեամուտների կոմիտեին։ Կոմիտեն իր ենթակառուցվածքներով մինչև 2027-ը պետք է տեղափոխվի այստեղ։

Իսկ մինչև 2022 թվականը, լքված շենքի դռները բաց են եղել, ու տուն չունեցող մարդիկ տարբեր տեղերից եկել, անարգել վերանորոգել ու ընտանիքներով տնավորվել են։ Պռոշյան գյուղում գտնվող այս հսկայական շենքի բակում մեկ ոստիկան անգամ չի եղել, որ արգելեր կացարան չունեցող ընտանիքներով այստեղ տնավորվել։

«Էրեխեքին, կանանց, բոլորին հանել, շպրտել ա դուրս, անունը դրել ա պետական շենք։ Ո՞ւր էիք էսքան տարի դուք», - վրդովվում է մի երիտասարդ կին։ - «Մեզ ոչ ոք չէր գալիս ասում՝ գիտեք ինչ կա, սա պետական շենք ա, ո՞վ ա ձեզ թույլ տվել մտնեք, զավթեք»։

Կացարանից զրկված ընտանիքները այսօր Երևանի կենտրոնում, Պետկեամուտների կոմիտեի մոտ էին բողոքի ակցիա անում, տանիք պահանջում։

Անուշը չորս ամսական որդու՝ Ալեքսի հետ էր եկել, որ նոր է դուրս գրվել հիվանդանոցից. - «Դուրս ա գրվել հիվանդանոցից թոքաբորբ և բրոնխիտ դիտագնոզով։ Քանի որ մեր տունը էս պահին իրանք ստիպեցին դառնա վրանը, մենք էստեղից եթե գնացինք, տեղափոխվում ենք վրան, որը որ կոչվում ա մեր տունը»։

«Հնար չկա վարձով։ Մենք մեծ հաճույքով կգնայինք վարձով կապրեինք, էս պետությունից բան չէինք ուզի», - ասաց մեկ այլ բողոքավոր։

Մյուսը հավելեց. - «Գիտես ինչքան պարտքեր ենք արել բարեկամից, սրանից, նրանից խնդրելով։ Մարդիկ օգնել են, որ սարքենք բնակավայր, ունենանք ապրելու տեղ»։

Թեև անցած ամառվանից հայտնի էր, որ ՊԵԿ-ն է այստեղ տեղափոխվելու, բայց շարունակվել է մարդկանց հոսքը, գումար են ծախսել ու փորձել ապահով կացարան ստեղծել։

Պարգև Միքայելյանը զինվորական է, ասում է՝ քիչ է վաստակում, վարձով չի կարող ապրել, ո՞ւր գնար չորս անչափահաս երեխայի հետ. - Վարձերը սարքել են 150-200 հազար, ստանում եմ 100-120 հազար աշխատավարձ, ես ո՞նց տանեմ վարձ տամ...»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է առաջարկել համագործակցել իրենց հետ, որ գնահատեն բնակիչների կարիքները։ Նախարարության լրատվականից հայտնեցին, թե այս պահին 13 ընտանիքի կարիքներ են գնահատել, որոնք հիմնական կեցության վայր չունեն։ Մայրաքաղաքի տարբեր հասցներերում հանրակացարանների սենյակներ են առաջարկել, բայց ոչ բոլորն են համաձայնել. «Հինգ շունչ ունեմ, հինգ հոգի տունը էրեխա ունեմ, ես հինգ հոգուն 13 քառակուսու մեջ ո՞նց պահեմ»։

XS
SM
MD
LG