Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կշարունակի փակ պահել ցամաքային սահմանները. որոշումը դժգոհության առիթ է դարձել


Բաքուն 2020 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակի օրերին, Ադրբեջան
Բաքուն 2020 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակի օրերին, Ադրբեջան

Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ առնվազն մինչև մայիսի մեկը։

Բաքուն իր հարևանների՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ իր ցամաքային սահմանները փակել է երեք տարի առաջ, երբ սկսվեց կորոնավիրուսի համաճարակը։

Թեև Covid-19-ով պայմանավորված՝ մյուս բոլոր սահմանափակումները երկրում վաղուց չեղարկվել են, 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը օրական կտրվածքով չի գերազանցում քսանը։ Կառավարությունն, այդուհանդերձ, համաճարակի պատճառաբանությամբ չի բացում չորս կողմից փակված սահմանները։

«Ադրբեջանում կարանտինի հատուկ ռեժիմի ժամկետն ավարտվելու էր 2023 թվականի մարտի 1-ին՝ ժամը 6:00-ին։ Վարչապետ Ալի Ասադովի հրամանագրով այն երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիսի 1-ը՝ ժամը 06:00-ն»,- ասվում է Ադրբեջանի կառավարության երեկ հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում։

Հակահամաճարակային հատուկ կարանտինն Ադրբեջանում սահմանվել է 2020 թվականի մարտին, առաջին երկու տարիներին գործել են աննախադեպ կոշտ սահմանափակումներ՝ ավելի քան մեկ տարի շարունակ բնակիչներին թույլատրվում էր փողոց դուրս գալ միայն օրական երկու-երեք ժամով, այն էլ միայն հատուկ հաղորդագրությամբ իշխանություններին տեղյակ պահելուց հետո։ Կարգը խախտող հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել։

Ինչո՞ւ է Ալիևի վարչակազմը շարունակում համաճարակի պատճառաբանությամբ փակ պահել ցամաքային սահմանները. ադրբեջանական սոցցանցերում այս հարցի պատասխանը գտնողին նոբելյան մրցանակ են խոստանում։

Ադրբեջանի ինքնամեկուսացումը փորձագետներից ոմանք բացատրում են անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, ոմանց կարծիքով՝ իշխանությունը չի ցանկանում գործ ունենալ Ռուսաստանից տեղահանվածների հետ։

«Փակ սահմաններով միակ երկիրն աշխարհում»,- փաստել է ադրբեջանցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին՝ անհեթեթ համարելով ինքնամեկուսանալու Բաքվի որոշումը, որը «հանգեցրել է տնտեսական մեծ խնդիրների, հատկապես սահմանամերձ բնակչության համար»,- Meydan TV-ի հետ զրույցում նշել է Ջաֆարլին։

«Արդեն մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կհայտարարի կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին, և միայն ադրբեջանական կառավարությունն է վճռական իր որոշման մեջ․ հետաքրքիր է՝ այդ ժամանակ ի՞նչ կասի մեր կառավարությունը»,- հարց է հնչեցրել տնտեսագետը։

Ադրբեջանի քաղաքացիները փաստացի կարող են ճամփորդել միայն օդային ճանապարհով։ Միակ բացառությունը Նախիջևանում Թուրքիայի հետ ցամաքային սահմանն է, սակայն այն կարող են հատել միայն Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք ունեն Նախիջևանի բնակության թույլտվություն։ Օրինակ՝ Բաքվի և Թբիլիսիի միջև թռիչքներն իրականացնում են միայն պետական AZAL ավիաընկերությունը և դրան մաս կազմող Buta Airways -ը: Եթե 2017 թվականին դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ շաբաթական մոտավորապես ութ չվերթ էր իրականացվում, ապա այժմ օրական չորսն են։ Buta Airways-ի ամենաէժան տոմսը դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ արժե մոտ 168 դոլար, այն դեպքում, երբ երկրում միջին աշխատավարձը 450 դոլար է:

Ադրբեջանում ավիատոմսի բարձր գների հետ կապված համատարած դժգոհությունն ընդհուպ խորհրդարան էր հասել։ Անցած ամիսներին ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանի ամբիոնից իրար հերթ չտալով բողոքում էին կառավարության կողմից շահագործվող և պետական բյուջեից օգտվող Azal ավիաընկերության դեմ։

«Երևանից Ստամբուլ ավելի էժան է», - դժգոհել է ադրբեջանցի պատգամավոր Ագյիլ Աբբասը։

Պատգամավորներից մեկն էլ նախընտրում է սպասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

«Բայց կնվազեցնի՞ AZAL-ը գները։ Ո՛չ, չի նվազեցնի, արդեն բացվել է Երևանից Ստամբուլ չվերթը, մեր փողով ութսուն մանաթ արժեն տոմսերը (մոտ 47 դոլար)։ Սպասում եմ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, մեքենայով կգնամ Երևան, այնտեղից էլ կթռչեմ Ստամբուլ»,- ասել է Ագյիլ Աբբասը՝ պնդելով, որ օդային ուղևորափոխադրումների գնային քաղաքականությունը պետք է լրջորեն վերանայվի։

«Խորհրդարանի խոսնակին խնդրում եմ միջամտել այս գործին»,- բողոքը եզրափակել է նա։

XS
SM
MD
LG