Մատչելիության հղումներ

Բառնաուլի դատարանը RusNews-ի լրագրողին դատապարտեց 6 տարվա ազատազրկման


Բառնաուլի դատարանը, ռուսական բանակի մասին «ֆեյքերի» գործով, RusNews-ի լրագրող Մարիա Պոնոմարենկոյին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

Դատարանը նաև նրան արգելել է 5 տարով զբաղվել լրագրողական գործունեությամբ։

«Երբեք ոչ մի տոտալիտար ռեժիմ այնքան ուժեղ չի եղել, որքան փլուզումից առաջ», - իր վերջին ելույթում հայտարարել է Պոնոմարեկնոն։

Նա մեղադրվում է «քաղաքական ատելության դրդմամբ ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու» համար՝ 207.3 հոդվածի 2-րդ մասով։ Հոդվածը հայտնվել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքում գրեթե մեկ տարի առաջ՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։

Դատախազը պահանջել է Պոնոմարենկոյին դատապարտել 9 տարվա ազատազրկման (առավելագույնը, ըստ հոդվածի, 10 տարի է), ինչպես նաև պնդել է 5 տարով համացանցում հասարակական գործունեության արգելքը։

Մարիա Պոնոմարենկոյին դատում են իր Տելեգրամ ալիքում Մարիուպոլի դրամատիկական թատրոնի հրթիռակոծման մասին գրառում կատարելու համար, որում նա մեղադրում էր ռուսական զորքերին: Գրառումն արվել է 2022 թվականի մարտին, մեկ ամիս անց՝ ապրիլին, նա կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում։

Սանկտ Պետերբուրգից Պոնոմարենկոյին տեղափոխել են Ալթայի երկրամաս՝ քրեական գործի քննության վայր։

XS
SM
MD
LG