Ազգային ժողովն ընդունեց այսօր ընդունեց պայմանագրային զինծառայողների ատեստավորման օրենքը։ Օրենքով պայմանագրային զինծառայողները կամավոր կարող են ատեստավորվել ու եթե անցնեն, հավելավճար կստանան, այսինքն՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կարող է բարձրանալ շուրջ 350 հազար դրամ։
«Ատեստավորումը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող, պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողներ մասնակցելու են կամավոր», - ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ընդդիմությունն այս նախագծին ձեռնպահ քվեարկեց, քանի որ առաջարներ էր ներկայացրել, իշխանությունը չէր ընդունել։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որ ութ տարի պաշտպանության նախարար է եղել, ասաց՝ ատեստավորումը չպետք է պայմանավորել միայն հավելավճարով, սա կարող է խնդիրներ ստեղծել բանակում։
«Տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսքի զինված ուժերից, ոչ հավասար պայմանների, և նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու, այսինքն՝ մեկը, որը հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը կարող է հերոսանալ», - նշեց նա:
Ատեստավորման ժամանակ ստուգվելու են զինծառայողի ֆիզիկական և կրակային պատրաստությունը, մասնագիտական գիտելիքները։
Ըստ նախկին նախարարի՝ մինչ նոր օրենքն էլ համակարգում գործում էր ատեստավորման կարգը, և դրա միջոցով է որոշվում՝ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, թե ոչ կամ առաջխաղացման արժանի է, թե ոչ։ Առաջարկել են, որ զինված ուժերի ատեստացիոն համակարգը նույնը մնա, բայց ավելի խստացնեն մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերը և հավելավճարները միայն այս կարգավորման սկզբունքով ավելացնեն։ Այս առաջարկը չի ընդունել իշխող ուժը։
«Տվյալ առաջարկությամբ, փաստորեն, զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ, որը «Հայաստան» խմբակցությունը գտել է, որ ճիշտ չէ», - հավելեց նախկին նախարարը:
Զինծառայության հետ կապված խորհրդարանը մի նախագիծ էլ ընդունեց։ Ժամկետային զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո կարող են ատեստավորվել ու դառնալ պայմանագրային զինծառայողներ, այսինքն կծառայեն ու կվարձատրվեն։
«Ներդնել շարքային սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց», - ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը դեմ է, որ այսպիսի անվանումներ ստանան այս փոփոխությունները, առաջարկեց, որ հրաժարվեն դրանից ու պարզ ձևակերպեն դրույթը։
«Սրան մեկ բանում կողմնակից չեմ՝ երբ որ զինված ուժերի համալրման խնդիրներում այս կամ այն անուններ ենք մենք դնում՝ «Ես եմ», դու ես, «Պաշտպան հայրենյաց», դա զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու կետը պետք է լինի», - ասաց Սեյրան Օհանյանը:
Այս նախագիծն ընդունվեց ընդդիմության ու իշխանության միասնական քվեարկությամբ: Սա այս գումարման Ազգային ժողովի եզակի դեպքերից էր։