Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները թեև վերադարձել են խորհրդարան, բայց լիարժեք չեն մասնակցում նիստերին։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանն է։ Ընդդիամդիր պատգամավորները հնարավարություն ունեն վերջին օրերի զարգացումների, ադրբեջանցիների՝ Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակելու մասին հարցեր ուղղել վարչապետին, բայց որոշել են չմասնակցել նիստին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է՝ Փաշինյանին խոսեցնելը ռիսկային է։
«Շատ վտանգավոր մարդ է դարձել էս մարդը, գիտակցաբար կամ անգիտակից կերպով հայտարարություններ է անում՝ ի վնաս Հայաստանի և Արցախի։ Չկա երևի դեպք, երբ հարցեր չտաս ու էս մարդը վտանգավոր, առավել ծանր մարտահրավեր չբերի Հայաստանի և Արցախի ժողովրդի գլխին», - ասաց Մինասյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ վարչապետը, որ բանակցողն է Հայաստանի ու Արցախի հարցով, ընդդիմադիրների հարցերին պատասխանում է իր քաղաքակնության հետևանքները նախկինների վրա բարդելով։ Ըստ էության չի արձագանքում, ասաց Մինասյանը։«Էս դեպքում ավելի լավ է լռի, քան թե Հայաստանին կամ Արցախին ի վնաս հայտարարություններ անի։ Մենք ունենք չէ՞ դեպքեր, բազմիցս են դեպքերը, երբ որ սկսում է հիմնավորել, թե ինչու էս կամ էն տարածքը պետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ ինչու էս տարածքում չպետք է ապահովենք անհրաժեշտ պաշտպանություն և անվտանգություն», - ընդգծեց Մինասյանը։
Ընդդիմադիրները երեկվա նիստին էլ, երբ քննարկվում էր օրակարագը, չմասնակցեցին, միայն եկան հայտարարությունների ժամին, իշխանությանը քննադատեցին ու հեռացան։
Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց, թե իշխող ուժը սկզբում ուրախացել էր, որ ընդդիամդիրները վերադարձել են։
«Որովհետև մենք ուրախացանք, ինչ-որ իմաստով նաև մեր հանրությունը, որ իմացանք, որ որոշեցիք վերադառնալ աշխատելու, բայց հիմա, որ մենք տեսնում ենք, թե ոնց եք աշխատում, մենք սկսում ենք մտածել էդ ուրախության և մնացածի վերաբերյալ», - ասաց Կոնջորյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում դեռ չի հաջողվում ամբողջացնել կազմը։ Խորհրդարանից հեռացած 4 պատգամավորներին փոխարինողներից երկուսն էլ չեն ցանկանում մանդատները վերցնել։ Նրանցից մեկը՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե ընդդիմության այսօրվա գործելաոճն իր համար ընկալելի չէ։
«Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատից հրաժարվել է նաև Ռոբերտ Հայրապետյանը։ Նա էլ խմբակցությունը լքած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից է, որը հայտարարությամբ էր զգուշացել թիմակիցներին՝ եթե մանդատը վերցնեն, պետք է լքեն կուսակցությունը։