Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ԱԺ նիստերի դահլիճ եկան միայն հայտարարություններ անելու


Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը իշխող ուժը այսօր քննարկեց առանց ընդդիմադիրների։ Նիստերի դահլիճը փոքր-ինչ աշխուժացավ օրվա վերջում, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորները եկան հայտարարություններ անելու։

Աղվան Վարդանյանը, որ թիմակիցների հետ շաբաթ օրը եղել էր Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում, դիմեց վարչապետին ու մյուս պաշտոնյաներին. - «Վարչապե'տ, պաշտպանության նախարա'ր, տարածքային կառավարման նախարա'ր, մարզպե'տ, անջատվեք տոնածառի և Եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղտ փափուկ աթոռներից, գնացեք Արեգունի, այդ տուն, խոնարհվեք տիկին Վարսիկին տիկին Նաիրայի և չորս երեխաների առաջ ու արագ լուծեք այս հարցը»։

Արեգունի համայնքում ընդդիմադիրներն այցելել են սեպտեմբերյան մարտերում զոհված Վահան Հակոբյանի ընտանիքին։ Ընտանիքը զրկված է պետության աջակցությունից, քանի որ Վահանն ու կինը ամուսնությունը չեն գրանցել, և հիմա 4 մանկահասակ երեխաներին մեծացնող կինը երեք ամիս է, չի կարողանում պատկան մարմիններին ապացուցել, որ ամուսինն է ու աջակցություն ստանալ։

«Կարճ ժամանակ ունեք, - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը, - եթե չարեցիք, ավելի լավ է գետինը մտնեք»։

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանն ասաց. - «Ուրեմն հաջորդ անգամ ես ստիպված կլինեմ անջատել ձեր խոսափողը հենց առաջին իսկ ոչ կոռեկտ արտահայտության պարագայում»։

Ամանորյա շռայլ ծախսերը, գլխավոր տոնածառի լույսերի միացման երեկվա տոնակատարությունն էլ քննադատության թիրախում էր։ Ընդդիմադիրները մեղադրում էին, թե իշխանությունն այսպիսով փորձում է հանրությանը մոլորեցնել ու շեղել իրական վտանգներից, որ կախված են Հայաստանի ու Արցախի գլխին։

«Ադրբեջանը զենք է գնում ու պատրաստվում մեր դեմ հարձակման, Հայաստանի իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու, տոնածառ զարդարելու, ժողովրդին կառնավալային իրականության մեջ մտցնելու համար», - հայտարարեց Անդրանիկ Թևանյանը («Հայաստան»)։

Ընդդիմադիր պատգամավորի այս խոսքերը բարկացրեցին իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. - «Չափահաս տղամարդը մոտենում ա էս ամբիոնին և համեմատում է էդ երգի մրցույթը Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հետ և գալիս է նորից մի տիեզերական եզրահանգման, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, իշխանությունները վատն են, որովհետև տեսեք, կազմակերպում են Եվրատեսիլ և տոնածառ։ Սրանից ավելի մեծ մասշտաբի քաղաքական սակավամտություն դժվար ա ուղղակի նկարագրել»։

Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց։ Նիստի հիմնական օրակարգը քննարկվեց միայն իշխանականների մասնակցությամբ։

XS
SM
MD
LG