- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիևի հյուսիս-արևմտյան ուղղությամբ երեք կամուրջ է պայթեցվել՝ ռուսական զորքերի անցումը կասեցնելու համար, հայտնում է «Ուկրաինսկա Պրավդա»-ն՝ հղում անելով ուկրաինական բանակի գլխավոր շտաբի աղբյուրներին։
Ըստ UNIAN-ի, Վիշգորոդ քաղաքում՝ Կիևից մոտ 6,5 կմ հեռավորության վրա, հրետանու ձայներ են լսվում։ Քաղաքում մարդիկ դուրս են գալիս փողոց, երևում են պայուսակներով և երեխաների հետ վազող ընտանիքներ: Ով կարող է՝ հեռանում է մեքենայով:
Ուկրաինական բանակի գլխավոր շտաբում «Ուկրաինսկա Պրավդա»-ի աղբյուրները հայտնել են, որ ռուս զինվորականները Վիշգորոդով կշարժվեն դեպի Կիև։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտնել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի գոտում ռադիացիայի մակարդակի աճ է գրանցվել․ ցուցանիշների բարձրացում է արձանագրվել դիտակետերի զգալի մասում։ Բայց այս տարածքում ռազմական գործողությունների պատճառով ներկայումս անհնար է պարզել ռադիացիոն ֆոնի փոփոխության պատճառները։
Արևմտյան ռազմական վերլուծաբաններն ասում են, որ Չեռնոբիլը գրավելով՝ Ռուսաստանը պարզապես օգտագործել է Բելառուսից ամենաարագ ներխուժման ճանապարհը դեպի Կիև:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները։
Պաշտոնական Թեհրանի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Էբրահիմ Ռաիսիին տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին։ Կրեմլի փոխանցմամբ՝ Իրանի նախագահն «ըմբռնում է հայտնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի մտահոգությունների վերաբերյալ՝ կապված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների հետ»։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես օրինական պատասխան տասնամյակների ընթացքում անվտանգության պայմանագրերի խախտման և իր երկրի անվտանգությունը խաթարելու Արևմուտքի ջանքերին», - փոխանցում է Իրանի նախագահի մամլո ծառայությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պաշտոնական Բաքուն աջակցություն չի հայտնում Կիևին։ «Ադրբեջանը հետևում է Ուկրաինայի շուրջ իրադարձություններին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։