- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ՝ Ուկրաինա ներխուժելու համար։
Բրյուսելի նոր պատժամիջոցները կազդեն ռուսական բանկային հատվածի և խոշոր պետական ընկերությունների 70 տոկոսի վրա՝ ներառյալ ռազմական արդյունաբերությունը։ Եվրամիությունը նախատեսում է արգելել նավթի արտահանումը և «անհնարին դարձնել Ռուսաստանի համար իր նավթավերամշակման գործարանների բարելավումը»: Բացի այդ, ԵՄ-ը կարգելի օդանավերի և ավիացիոն տեխնիկայի վաճառքը ռուսական ավիաընկերություններին։ Ռուս դիվանագետներն ու գործարարներն այլևս չեն կարողանա արտոնյալ կարգով ԵՄ մուտքի վիզաներ ստանալ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության կողմից հայտարարված պատժամիջոցներից բացի, Ֆրանսիան սեփական պատժամիջոցները կսահմանի Ռուսաստանի դեմ։ Դրանք կազդեն Ռուսաստանի մի շարք քաղաքացիների վրա: Այդ պատժամիջոցների մասին կհայտարարվի ավելի ուշ։ Բացի այդ, Ֆրանսիան Կիևին կտրամադրի ռազմական տեխնիկա և 300 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Թուրքիան կարող է սահմանափակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը, սակայն դրանք իրավունք կունենան վերադառնալ իրենց բազաներ, հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։