- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այսօր լուսադեմին հայտարարել է Կիևի մոտ 6 պայթյունի մասին։ Նրա խոսքով՝ «գրոհներն իրականացվում են թևավոր կամ բալիստիկ հրթիռներով»։
Ուկրաինական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Կիևում բնակելի շենք է այրվում, որի վրա հրթիռի բեկորներ են ընկել։ Նախնական տվյալներով՝ երեք մարդ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ավելի վաղ Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ռուս զինվորականները տվյալ շրջանից շարժվում են դեպի Կիև։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձով է հանդես եկել, որում ամփոփել է ռուսական ներխուժման առաջին օրվա արդյունքները։ Զելենսկու խոսքով՝ երկրի զինված ուժերը հետ են մղել հակառակորդին։ Նա ասել է, որ նախնական տվյալներով՝ երեկ 137 ուկրաինայի քաղաքացի է զոհվել՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Բոլոր սահմանապահները, ովքեր պաշտպանել են Սև ծովում գտնվող Զմեինի կղզին, մահացել են։
Զելենսկին հայտնել է, որ մնում է Կիևում, թեև «թիվ մեկ թիրախն է»:
Զելենսկին փոխանցել է, որ բանակցել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ՝ Ուկրաինայի դաշինք մտնելու շուրջ, սակայն «բոլորը վախենում են»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը պատրաստ է բանակցությունների, սակայն այժմ երկրի ճակատագիրը կախված է բանակից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ասել է, որ Վլադիմիր Պուտինը կփորձի գրավել Կիևը և տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։ Ուկրաինայի մայրաքաղաքն «անկասկած կանգնած է գրավման վտանգի առաջ», ու «շատ հնարավոր է, որ շրջափակման մեջ հայտնվի», հայտարարել է Բլինքենը CBS News-ին տված հարցազրույցում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Ուկրաինան մենակ է մնացել, համաշխարհային ուժերը հեռվից հետևում են իրավիճակին, նախօրեին կիրառված պատժամիջոցները բավարար չեն», - հայտարարում է Վլադիմիր Զելենսկին։