Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է Բախմուտի մոտ՝ մի քանի կիլոմետր հարավ գտնվող Կլեշչեևկայում առաջընթացի մասին։
«Բախմուտի ուղղությամբ պաշտպանության ուժերը մասնակի հաջողություններ են գրանցում Դոնեցկի մարզի Կլեշչեևկայի շրջանում՝ հակառակորդին դուրս մղելով գրավյալ դիրքերից և համախմբվելով ձեռք բերված գծերում, ընթանում են ծանր մարտեր», - ասվում է գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունում։
Ռազմաճակատի մյուս ուղղություններում, դատելով ուկրաինական կողմի հաղորդագրությունից, էական փոփոխություններ չկան։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, իր հերթին, հայտարարել է, որ երկրի զինված ուժերն անցած շաբաթվա ընթացքում 2 քառակուսի կիլոմետր տարածք են ազատագրել Բախմուտի ուղղությամբ, իսկ ընդհանուր առմամբ՝ հակահարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր 49 քառակուսի կիլոմետր:
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ գիշերը շրջանի կենտրոնում երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են բնակելի տան կողքով անցնող ճանապարհի վրա:
Բելգորոդի և Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի այլ շրջանների իշխանությունները, ինչպես նաև ռուս զինվորականները պարբերաբար հայտարարում են ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։
Ուկրաինական ալիքները հաղորդում են Կրիվոյ Ռոգում պայթյունների մասին: Քաղաքը, դատելով տեղեկություններից, միաժամանակ խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով:
Կրիվոյ Ռոգը խոշոր քաղաք է և արդյունաբերական կենտրոն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի արևմուտքում։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին G20 գագաթնաժողովում չի ձերբակալվի, եթե որոշի անձամբ մասնակցել դրան։ Նա հաստատել է, որ ՌԴ նախագահին հրավիրում է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի հաջորդ հանդիպմանը և երաշխավորում նրա անվտանգությունը։
Այս տարի Պուտինը չի մասնակցել Դելիում G20-ի գագաթնաժողովին։ Ռուսաստանը ներկայացրել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պուտինը չի մասնակցել նաև Յոհանեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովին. նա հանդիպումներին մասնակցել է տեսակապով։
Շաբաթ օրը G20-ի երկրները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ, որն ուղղակիորեն չի դատապարտում Ռուսաստանի ռազմական միջամտությունն Ուկրաինա: Փաստաթղթում միայն ասվում է, որ բոլոր պետությունները պետք է գործեն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան, զերծ մնան սպառնալիքներից և հետևեն ցանկացած պետության տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքին։
Բրազիլիան ստորագրել է Հռոմի ստատուտը, որը հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի հիմքը։ Հաագայի դատարանն այս փետրվարին նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Վրաստան այցելած Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, թե Միությունը կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակնկալում է, որ միջազգային գործընկերները և նրանց թվում Վրաստանը կհամակարգեն Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված գործողությունները: «Ուստի մենք ողջունում ենք ձեր ջանքերը, որոնց նպատակն է պայքարել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու դեմ», - ասել է Բորելը: