Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ուկրաինայի գրավված տարածքներում Ռուսաստանի անցկացրած ապօրինի ընտրությունների արդյունքները, X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նրա փոխանցմամբ, այդ «ընտրությունները» ոչ լեգիտիմ են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«ԱՄՆ երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունն Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- գրել է պետքարտուղարը և ավելացրել, որ Միացյալ Նահանգները կշարունակի Ուկրաինային սատարել «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Գալիք կիրակի օրը Ռուսաստանում տեղի կունենան տարբեր մակարդակների, այդ թվում՝ Պետական դումայի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ:
Մի շարք շրջաններում կընտրվեն ղեկավարների և տեղական օրենսդիր մարմինների պատգամավորներ։ Մոսկվան նախատեսում է նաև «քվեարկություն» կազմակերպել Ուկրաինայի գրավյալ տարածքներում։
Ռուսական զորքերն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին, Սումիին և Զապորոժիեին:
Կրիվոյ Ռոգում, ինչպես հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը, ռուսական հրթիռը վարչական շենք է խոցել: «Նախնական՝ 1 զոհ և 9 վիրավոր, 3-ը դուրս են բերվել փլատակներից։ Ավտոտնակներ են հրդեհվել։ Հրդեհ է 200 քմ տարածքում»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է այն շենքին, որտեղ գտնվում էր նաև ոստիկանական բաժանմունքը, ոստիկան է զոհվել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս 3 հոգու, ովքեր ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Գերատեսչությունից նշել են, որ ոստիկանության 6 աշխատակից ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն ավելի ուշ հայտնել է, որ Կիևի ժամանակով ժամը 10-ի դրությամբ Կրիվոյ Ռոգի վրա հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 25-ի։
Սումիում հրթիռը հարվածել է առանձնատան, որն ամբողջությամբ ավերվել է։ Մարզային արտակարգ ծառայության տվյալներով՝ փրկարարները տան փլատակներից դուրս են բերել տղամարդու և կնոջ, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, վիրավորվել է մեկ մարդ, պայթյունի էպիկենտրոնի մոտ գտնվող 30 բնակելի բարձրահարկ շենքերի և մի քանի ուսումնական հաստատությունների ապակիներ պայթյունի ալիքը կոտրել է։
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ուկրաինային 600 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության և ականազերծման համակարգերի սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Պենտագոնի կայքը։
Սա ռազմական օգնության երրորդ փաթեթն է, որ Միացյալ Նահանգները տրամադրում է Ուկրաինային վերջին երկու օրվա ընթացքում։
Ավելի վաղ պաշտոնական այցով Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ են հատկացնում Ուկրաինային, որից ավելի քան 665 մլն դոլարը կուղղվի ռազմական օգնությանը և քաղաքացիական անվտանգությանն աջակցությունը: Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային 175 մլն դոլար ընդհանուր ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որն առաջին անգամ ներառում էր Abrams տանկերի համար արկեր։
Ուկրաինական զորքերի գլխավոր շտաբը հայտարարում է Մելիտոպոլի ուղղությամբ հարձակողական գործողության շարունակության մասին՝ «Քայլ առ քայլ ազատագրվում են օկուպացված տարածքները»։ Ամփոփման մեջ մանրամասներ չեն նշվում։
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետները պնդում են, որ ուկրաինական ուժերը գրավել են Վերբովոյեի ռուսական պաշտպանական գծի խրամատների մի մասը։
Սա համարվում է ուկրաինական հարձակման հիմնական հարվածի ուղղությունը՝ Զապորոժիեի մարզում Օրեխով քաղաքից մինչև Տոկմակ՝ ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովման կենտրոն, Մելիտոպոլի ուղղությամբ։
Ուկրաինական զորքերը երկար մարտերից հետո ազատագրեցին Ռաբոտինո գյուղը, խրվելով ռուսական պաշտպանության մեջ Նովոպրոկոպովկա և Վերբովոյե գյուղերի միջև, որտեղով անցնում են ռուսական էշելոնային պաշտպանության առաջին գծի հիմնական ամրությունները՝ «Սուրովիկինի գիծը»: Ուկրաինական ուժերի բեկումը կարող է զգալիորեն բարդացնել ռուսական զորքերի պաշտպանությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծության տնօրեն Թրենթ Մոլը գնահատել է Ուկրաինայի կողմից ռուսական պաշտպանության բեկման հավանականությունը 40-50%: Նա նշել է, որ և՛ Սերգեյ Սուրովիկինը, ով պաշտպանական գծեր է կառուցել, և՛ Եվգենի Պրիգոժինը, ում վարձկանները վերջին մեկ տարում Ռուսաստանի համար ամենամեծ հաջողությունն են գրանցել, այլևս չեն մասնակցում պատերազմին։ Միևնույն ժամանակ, զինամթերքի բացակայությունը և եղանակի վատթարացումը կբարդացնեն ուկրաինական առաջխաղացումը, հավելել է նա։ Ամեն դեպքում, արևմտյան փորձագետների ճնշող մեծամասնությունը համարում է, որ պատերազմը դեռ երկար է տևելու։