Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային օգնության հերթական փաթեթ տրամադրելու մասին, որը կներառի այդ թվում ամերիկյան Abrams տանկերի համար արկեր։
Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ևս 1 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ, հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Պաշտոնական այցով Կիևում գտնվող Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կփոխանցի նաև բռնագրավված ռուսական ակտիվները։ Նա չի նշել այդ ակտիվների չափը և կոնկրետ երբ տեղի կունենա փոխանցումը, սակայն եթե տեղի ունենա, դա կլինի Վաշինգտոնի առաջին նման քայլը։ «Նրանք, ովքեր նպաստել են Պուտինի ագրեսիվ պատերազմին, պետք է վճարեն դրա համար», - ասել է պետքարտուղարը։
Ուկրաինայի Օդեսայի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հերթական գիշերային հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ, հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հարձակումը տևել է երեք ժամ, ինչպես անցած գիշեր:
«Սա չորրորդ հարձակումն է Իզմայիլի շրջանում վերջին հինգ օրվա ընթացքում»,- գրել է նա X-ում։
«Շահեդների» այսօրվա հարձակման հետևանքով մի քանի բնակավայրերում վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ», - գրել է Կիպերը՝ հավելելով՝ բեռնատարի վարորդ է ոտքի թեթև վնասվածք ստացել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կանխելու մասին։
«Այս գիշեր Ռամենսկի քաղաքային թաղամասում հակաօդային պաշտպանության ուժերը խափանել են Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը: Բեկորների ընկնելու վայրում, նախնական տվյալներով, ավերածություններ կամ զոհեր չեն եղել», - այսօր գրել է Սոբյանինը X-ի իր ալիքում:
Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում էլ անօդաչու թռչող սարք է ընկել՝ նկատելի վնաս հասցնելով շենքերին։
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտնել է, որ երկու անօդաչու թռչող սարք են խոցել, «մեկն ընկել է քաղաքից դուրս՝ Ռոստովի արևմտյան մասում», երկրորդը՝ կենտրոնում՝ Պուշկինսկայա փողոցի մոտ։
Հաղորդվում է, որ մեկ մարդ վիրավորվել է, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից, մի քանի մեքենաներ են վնասվել։
Իսկ Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է հակաօդային պաշտպանության միջոցներով Բրյանսկի վրա անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, որի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է երկաթուղային կայարանը։
Սա վերջին մի քանի ժամվա ընթացքում Բրյանսկի շրջանում խոցված երկրորդ անօդաչու թռչող սարքն է։ Առաջինի մասին հաղորդագրությունը հայտնվել է ժամը 5:41 Բոգոմազի X-ի միկրոբլոգում։ Ավելի ուշ նահանգապետը գրեց Բրյանսկին մոտեցող երրորդ անօդաչուի ոչնչացման մասին, ոչ ոք չի տուժել, վնասներ չկան։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կիևի ռեժիմին աղքատացված ուրան պարունակող արկեր մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը վատ նորություն է համարել: Այդ կապակցությամբ Պեսկովը հիշեցրել է, որ նման արկեր ակտիվորեն օգտագործվել են Հարավսլավիայում։
«Այդ արկերի օգտագործումը շատ-շատ տխուր հետևանքներ է ունեցել, որոնք արձանագրվել են նույնիսկ միջազգային կազմակերպությունների կողմից», - հավելել է նա։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ աղքատացած ուրանով արկերի կիրառման հետևանքների պատասխանատվությունը ամբողջովին կկրի Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց Կիևին 175 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ հատկացնելու մասին, որն առաջին անգամ ներառում էր Abrams տանկերի համար նախատեսված աղքատացված ուրան պարունակող արկեր։ Օգնության նոր փաթեթը, ինչպես ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը, ներառում է հրետանային զինամթերք, հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նա նաև մանրամասնել է, որ Abrams տանկերը շուտով կժամանեն Ուկրաինա։