Առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 28-ը վիրավորվել են այսօր կեսօրին Ռուսաստանի Զինված ուժերի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքին հասցված հրթիռային հարվածից հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմամբ` հարվածի թիրախում է հայտնվել քաղաքի կենտրոնում գտնվող շուկան։ Վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով` հարվածի զոհերից առնվազն մեկը անչափահաս է։
Հայաստանի վարչապետի տիկինը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։
Ինչպես Ֆեյսբուքում գրել է Աննա Հակոբյանը, օրը սկսվել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, «որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը»։
«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան», - գրել է Հակոբյանը՝ ամփոփելով.
«Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ուկրաինացի լրագրող Իլյա Պոնոմարենկոն տեսանյութ է հրապարակել, որում Բլինքենին ցույց են տալիս Պատրոն անունով աշխարհահռչակ շանը, որը մասնակցել է ուկրաինական տարածքների ականազերծմանը։
Անցած գիշեր Կիևը և մի շարք այլ ուկրաինական բնակավայրեր զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել ռուսական ուժերի կողմից։ Օդային հարձակումը դադարել է ԱՄՆ պետքարտուղարի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Էնթոնի Բլինքենը վերջին անգամ Ուկրաինա էր այցելել ուղիղ մեկ տարի առաջ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի արևելքում այցելել է հակահարձակման գործողություններում ներգրավված մարտական զորքեր։ Ուկրաինայի նախագահի կայքը հայտնում է, որ այցելությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, Դոնեցկի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում։
Զելենսկին լսել է օպերատիվ իրավիճակի մասին բարձրաստիճան զինվորականների զեկույցները, զրուցել զինվորների հետ, նշված է հաղորդագրությունում։