Բրյանսկի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ռուսաստանի սահմանապահները հետ են մղել «ուկրաինացի դիվերսանտների» գրոհը։
Ուկրաինայի կողմից կռվող «Ռուսական կամավորական կորպուսը», ստանձնելով գրոհի պատասխանատվությունը, հայտնում է, որ ռուսական կողմից երկու սահմանապահ է սպանվել։
"База" կայքն ավելի վաղ հաղորդել էր մեկ սահմանապահի զոհվելու ու մի վիրավորի մասին, նշելով, որ ուկրաինական կողմից դիվերսիոն խմբի գրոհի փորձը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի առավոտյան։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս ամիս նախատեսում է Ռուսաստան մեկնել ու հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ կողմերը կքննարկեն Հյուսիսային Կորեայից Մոսկվային զենք մատակարարելու հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ պատերազին աջակցելու համար։
Հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ, հեղինակավոր The New York Times-ի աղբյուրները հայտնել են, թե ամենայն հավանականությամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կժամանի զրահապատ գնացքով։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան փաստական ապացույցներ ունի, որ անցած գիշեր ուկրաինական նավահանգիստները թիրախավորելիս ռուսական օդուժի անօդաչու թռչող սարքերը ընկել են սահմանակից Ռումինիայի տարածքում։ Այդ մասին Ուկրաինայի իշխանությունների այսօր առավոտյան տարածած հայտարարությունը Ռումինիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է։
Գերատեսչությունը շեշտել էր՝ ռուսական հարձակումը «ուղղակի սպառնալիքներ չի առաջացրել Ռումինիայի ազգային տարածքների կամ տարածքային ջրերի համար»: Ուկրաինայի արտգործնախարարը մինչդեռ կարծում է, որ հարևան երկրների մոտ միտում կա «չսրելու այս կամ այն իրադարձությունների մեկնաբանությունը, որպեսզի չներքաշվեն Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ»։