Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ քննարկել է «Ազով» գումարտակի հրամանատարների վերադարձը Ուկրաինա, տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի» առաջնորդների՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ռուսական կողմի՝ Լավրովն Անկարայի ուշադրությունը հրավիրել է «կուրսի ապակառուցողականության» վրա՝ կապված Կիևին ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարման հետ՝ ասելով, թե նման քայլերը կարող են հանգեցնել միայն բացասական հետևանքների։
Արտգործնախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «հարաբերությունների վստահության բնույթը պահպանելու և ամրապնդելու» անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը երկու հրթիռ են խոցել՝ մեկը բռնակցված Ղրիմի թերակղզու վրա, մյուսը՝ Ռուսաստանի հարավային Ռոստովի շրջանի վրա, որը նույնպես սահմանակից է Ուկրաինային, փոխանցում է Reuters-ը։
Ղրիմի թերակղզու Կերչ քաղաքի մերձակայքում թևավոր հրթիռ է խոցվել՝ առանց որևէ վնաս կամ զոհ պատճառելու, Տելեգրամում գրել է Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը։ Նա չի հստակեցրել, թե որտեղից է արձակվել հրթիռը։
Ղրիմը Ռուսաստանին բռնակցվել է 2014 թվականին, սակայն միջազգայնորեն ճանաչված է Ուկրաինայի մաս։
Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա երթևեկությունը, որը կապում է թերակղզին Ռուսաստանի հետ, վերականգնվել է ակնհայտ դադարեցումից հետո: Երթևեկության դադարեցման պատճառ չի նշվում։
Մեկ այլ միջադեպի ժամանակ հակաօդային պաշտպանությունը ուկրաինական հրթիռ է խոցել Ռուսաստանի Ռոստովի մարզում, հայտնել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Զոհեր չկան, բեկորները մասամբ վնասել են մի քանի շենքերի տանիքներ»,- գրել է նա։
Մոսկվան պարբերաբար մեղադրում է Ուկրաինային Ռուսաստանի ներսում թիրախների վրա հարձակումների մեջ։ Կիևը հերքել է դա՝ հայտարարելով, որ պաշտպանական պատերազմ է վարում սեփական տարածքում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Ազովի» հրամանատարների Թուրքիայից Ուկրաինա վերադարձը պայմանավորվածությունների խախտում է թե՛ Թուրքիայի, թե՛ Ուկրաինայի կողմից։
Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա են վերադարձել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։ Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի պաշտպանները անցյալ տարի հանձնվել էին, իսկ հրամանատարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։
10 ամիս անց նրանք վերադարձան Ուկրաինա, այդ թվում՝ «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն։ Շաբաթ օրը Զելենսկին տեսանյութ էր հրապարակել, որտեղ նրանք թուրքական օդնավակայում նստում են Ուկրաինայի նախագահի օդանավը։
Ռուսաստանցի ազգայնական բլոգերները «Ազովի» հրամանատարների վերադարձը Ռուսաստանի ստորացում են համարել։
Պեսկովը դա համարել է Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի ճնշման արդյունք։
Լվովի օդանավակայանում, որտեղ վայրէջք էր կատարել Թուրքիայից եկած Ուկրաինայի նախագահի օդանավը, Դենիս Պրոկոպենկոն ասել է, որ մտադիր է վերադառնալ ռազմաճակատ։ «Իհարկե։ Մենք դրա համար ենք վերադարձել Ուկրաինա»,- ասել է նա լրագրողներին։
Կիևի ռեժիմին կասետային զինամթերք մատակարարելու մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշումը Ուկրաինայում հակամարտությունը երկարացնելուն ուղղված ագրեսիվ կուրսի դրսևորում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Վաշինգտոնը, կասետային զինամթերք մատակարարելով Ուկրաինային, «իրականում մեղսակից կլինի տարածքը ականապատելու գործում և լիովին կիսելու է պայթյուններից զոհերի համար պատասխանատվությունը, այդ թվում՝ ռուս և ուկրաինացի երեխաների»։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կոլին Քոլը երեկ հաստատել է, որ ռազմական օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա նաև կասետային զինամթերք:
«800 միլիոն դոլարի փաթեթը ներառում է 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, դրանց թվում կա նան կասետային զինամթերք: Միացյալ Նահանգներն ոնի հարյուր հազարավոր նմանօրինակ զինամթերք, բայց մենք չենք հրապարակի Ուկրաինային տրամադրվող արկերի թիվը, որ տեղեկատվություն չտանք Ռուսաստանին»,- ասել է Քոլը:
Նրա խոսքով` այդ զինամթերքն Ուկրաինան կստանա հիմա իրականացվող հակագրոհի ընթացքում: