Հայտնաբերվել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով մահացածների ևս երեք դի, հաղորդում է ռուսական պետական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Այսպիսով, Խերսոնի շրջանի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածում զոհերի հաստատված ընդհանուր թիվը հասավ 53-ի։ Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին ՀԷԿ-ի ավերմանը հաջորդած ջրհեղեղի 21 զոհի մասին։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ին, ինչը հանգեցրել է հսկայական տարածքների հեղեղումների և բնապահպանական աղետի։ Ուկրաինան Ռուսաստանին է մեղադրում կայանի պայթեցման մեջ, Ռուսաստանը հերքում է մեղադրանքը:
Անցած գիշեր Լվովը ենթարկվել է հուժկու հրթիռակոծման, որի հետևանքով զոհվել է առնվազն 4 բնակիչ: Եվս 37 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի փոխանցմամբ, դա «ամենախոշոր գրոհն էր քաղաքի ենթակառուցվածքների վրա 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի ընթացքում»:
Նրա խոսքով, հրթիռներից մեկի բեկորներն ընկել են բնակելի տան վրա և ոչնչացրել են մոտ վեց տասնյակ բնակարաններ, սկսվել է հրդեհ, որը հաջողվել է մարել:
Վնասվել են նաև մի դպրոց, գրասենյակների համալիր և շուրջ 50 ավտոմեքենաներ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Լվովի շրջանում բացի այդ շենքից ավերվել է էլեկտրացանցի ենթակայաններից մեկը և ևս մոտ 30 շինություն:
Ուկրաինայի օդուժի հրամանատարությունը հայտնել է, որ Լվովին «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ են հասցվել Սև ծովում տեղակայված ռուսական նավերից և սուզանավերից: 10 հրթիռներից 7-ը հաջողվել է վնասազերծել, մնացած 3-ը հարվածել են քաղաքացիական թիրախներին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն չի տարածել Լվովի հրթիռակոծման վերաբերյալ: Մոսկվան պնդում է, թե միայն ռազմական թիրախներին է հարվածում:
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ, Ուկրաինայի շուրջ բանակցությունները մտել են փակուղի, սակայն տակավին հնարավոր է ելք գտնել և ինքը՝ եթե կողմերը ցանկանան, պատրաստ է միջնորդել այդ հարցում:
«Ես ինձ միջնորդ չեմ համարել, մենք՝ Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, նույն նավի վրա ենք: Եթե կողմերը՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ցանկանան տեսնել իմ դերը, եթե անհրաժեշտ գտնեն, ապա, իհարկե, ես պատրաստ եմ դա անել», - ասել է Լուկաշենկոն այսօր Մինսկում հրավիրած ասուլիսում:
Նրա համոզմամբ, այսօր դեռ կա բանակցային սեղանի շուրջ նստելու և պայմանավորվելու հնարավորություն:
«Ես դրանում բացարձակապես համոզված եմ, բայց վաղը նման հնարավորություն կարող է չլինել»,- ասել է Լուկաշենկոն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը չի հաստատում Զապորոժիեի ատոմակայանի ականապատման մասին տեղեկությունները։
«Մենք տեղյակ ենք երկու կողմերի պնդումներին և հայտարարություններին: Վերջին ստուգումների ժամանակ մենք ականապատման որևէ նշան չենք արձանագրել, բայց մենք ծայրահեղ զգուշավոր ենք», - Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Նա նշել է, որ «մի քանի ժամ առաջ» է կապ հաստատել Զապորոժիեի ատոմակայանում Գործակալության մշտական առաքելության փորձագետների հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի մի քանի կառույցներ ականապատվել են ռուսական զորքերի կողմից։ Հուլիսի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի ընդլայնված նիստ է անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է կայանում տիրող իրավիճակը։