Ուկրաինայի Խարկովի շրջանի Պերվոմայսկի քաղաքի հրթիռակոծությունից տուժած խաղաղ բնակիչների թիվն աճում է և երեկ երեկոյան հասել է 43-ի, այդ թվում՝ 12 երեխա, հայտնում են տեղական իշխանությունները։
Նրանց տվյալներով՝ բնակելի տարածքը խոցել է ռուսական «Իսկանդեր» հրթիռը։ Հաղորդվել էր, որ երեկ ցերեկը հասցված հրթիռային հարվածը վնասել է 8 բազմահարկ շենք և 8 ավտոմեքենա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Շանհայան կազմակերպության օնլայն գագաթնաժողովին, կրկին հայտարարել է, թե Արևմուտքը տարիներ շարունակ Ուկրաինայից ստեղծում էր թշնամի պետություն. - «Երկար ժամանակ արտաքին ուժերը մեր սահմանների մոտ նախագիծ են իրականացրել՝ մեր հարևան երկիր Ուկրաինան դարձրել են թշնամական հակառուսական պետություն՝ Ռուսաստանը վտանգելու և մեր երկրի զարգացումը հետ պահելու համար»:
Չնայած շուրջ մեկ ու կես տարի չդադարող այս կատաղի մարտերին՝ CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին ասել է, թե պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրվել դեռևս 2014-ին բռնակցված Ղրիմը. - «Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի։ Իսկ քանի դեռ Ղրիմը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ, պատերազմը չի ավարտվել»։
Ուկրաինայի նախագահը նույն հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել Ուկրաինային անհապաղ պաշտոնապես հրավիրել ՆԱՏՕ։
«Նա կողմ է, որ մենք ապագայում լինենք ՆԱՏՕ-ում: Անդամակցության հրավերն անհրաժեշտ է հենց հիմա», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների առաջնորդը կարող է և պետք է նման որոշում կայացնի։
Դաշինքի ցանկացած երկիր ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում վետոյի իրավունք ունի։ Զելենսկին ասում է, թե հասկանում է, որ իրականում Ուկրաինան դաշինքի անդամ չի դառնա, քանի դեռ չի ավարտվել պատերազմը, սակայն հրավերն այսօր, նրա խոսքով, կարևոր ազդանշան կլինի։
Բրիտանական ռազմական հետախուզությունը իր վերջին զեկույցում գրում է, թե ռուսական զորքերը, որոնք փորձում են կասեցնել Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը հարավում, կատարելագործել են իրենց մարտավարությունը: Նրանք սկսել են շատ ինտենսիվորեն կիրառել հակատանկային ականներ, դանդաղեցրել են ուկրաինական ուժերի առաջխաղացման տեմպերը ականապատ դաշտերի օգնությամբ, սկսել են ավելի ինտենսիվ օգտագործել հարձակողական ուղղաթիռներ։ Նման մարտավարությունը թույլ է տվել ռուսական զորքերին «որոշակի հաջողության հասնել» Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման սկզբնական փուլում։
Այնուամենայնիվ, բրիտանացի հետախույզները նշում են, որ ռուսական բանակը չափազանց շատ ռեսուրսներ է կորցնում։