Ուկրաինական ուժերի համար ռազմաճակատում անցած շաբաթը ծանր էր, նախագահ Վլադիմիր Զելենսկին է հայտարարել՝ առանց փակագծեր բացելու։ Նա միաժամանակ վստահեցրել է՝ բանակը հաջողություններ էլ ունի, ուկրաինացի զինվորականները քայլ առ քայլ առաջանում են։
«37 քառակուսի կիլոմետր տարածք», - անցած շաբաթ ուկրաինական զորքն այդքան է առաջացել, տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Անցած օրերին ահագնացած ծանր մարտերը շարունակվում են Բախմուտի շուրջ։ Թեև ռուսական կողմը շաբաթներ առաջ վերահսկողություն էր հաստատել ռազմավարական նշանակության այդ բնակավայրի մեծ մասի նկատմամբ, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական գործողությունները այժմ սպառնում են Բախմուտի շրջափակմամբ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովային: Քննարկման առանցքային թեման է եղել աշնանը Ռուսաստանի շրջաններում տեղական ընտրությունների անցկացումը:
Պամֆիլովան այսօր ասել է, որ հաշվի առնելով առկա բարդ իրավիճակը, ԿԸՀ-ն կարող է հարկ եղած դեպքում հետաձգել ընտրությունները Ռուսաստանի նոր սուբյեկտների տարածքում:
«Իրավիճակն իսկապես բարդ է, և եթե ի հայտ գան անկանխատեսելի հանգամանքներ, կացությունը որոշ տեղերում կարող է կտրուկ վատթարանալ, այդ դեպքում մենք կարող ենք օգտվել ընտրությունները հետաձգելու իրավունքից»,- ասել է Պամֆիլովան:
«Հասկանալի է»,- արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Աշնանը նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են հետաձգվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որոնք Մոսկվան ապօրինաբար հայտարարել է Ռուսաստանի մաս:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին այցելել է Ռովնոյի ատոմակայան, որտեղ աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են ԱԷԿ-ներում հնարավոր աղետների կամ ահաբեկչական գրոհների հետևանքով առաջացած արտակարգ պայմաններում գործելու հարցերը:
Վերջին շրջանում Ուկրաինայում քննարկում են ռուսների կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ը հարվածի ենթարկելու հնարավորությունը:
Հուլիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ըստ հետախուզական տվյալների՝ «ռուսները տեխնիկապես պատրաստ են փոքր պայթյուն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում»:
Ռուսական կողմն էլ, իր հերթին, պնդում է, թե ուկրաինացիներն են ուզում սադրիչ գործողություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում և ՆԱՏՕ-ին ներքաշել պատերազմի մեջ:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Գերմանիայից ստացվել են Leopard տեսակի տասնյակ հրասայլեր: Twitter-ում տեղադրած գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել իր գերմանացի պաշտոնակից Բորիս Պիստորիուսին:
«Տասնյակ Leopard-ներ են հասել Ուկրաինա, որ ցույց տան, թե ինչեր կարող են անել, դրանց ժամանակը կգա»,- Twitter-ում գրել է Ռեզնիկովը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, ուկրաինական զորքերը հակագրոհի ընթացքում արդեն մի քանի ուղղություններոմ կիրառել են այդ հրասայլերը և, իբր, ոչնչացվել են, ինչպես և որևէ այլ տեսակի հրասայլ:
Կորուստների մասին է նշել նաև Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին:
«Ուկրաինան հրասայլեր է ստացել ոչ թե զորահանդեսների, այլ կռվի համար, իսկ Leopard-ը մարտի դաշտում ոչ թե Leopard է, այլ ևս մեկ թիրախ»,- The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է Զալուժնին: