Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:51 23.6.2023

Թուրքական Baykar-ը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության թույլտվություն է ստացել:

Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ թուրքական կառավարության կողմից տրված թույլտվությունը նախատեսում է երկու տեսակի մարտական հարվածային անօդաչու թռչող սարքերի՝ Bayraktar TB2-ի և Bayraktar Akinci-ի արտադրություն։ Վերջինը թուրքական ռազմարդյունաբերական համալիրի ամենաժամանակակից արտադրանքն է։

Ընկերությունն ակնկալում է սեփական գործարանը բացել Ուկրաինայում 2025 թվականին՝ նախատեսելով ներդնել մոտ 95,5 մլն դոլար։

15:54 23.6.2023

Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 11-րդ փաթեթը։

Նոր սահմանափակումները ներառում են «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային թևով ռուսական նավթի փոխադրման արգելք, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են նախկինում սահմանված պատժամիջոցները շրջանցելու դեմ, մասնավորապես՝ երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելուն:

Եվրոպական դաշինքը թիրախավորել է նաև մոտ յոթ տասնյակ անձանց, որոնց պատասխանատու է համարում ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման համար, ինչպես նաև 30 իրավաբանական անձանց, որոնք շրջանցում են գործող պատժամիջոցները։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ավելացվել է ռազմարդյունաբերական համալիրի ևս 87 ձեռնարկություն, այդ թվում՝ երրորդ երկրների ընկերություններ, որոնք զբաղվում են իրանական անօդաչու թռչող սարքերի վաճառքով։

15:53 23.6.2023

Միացյալ Նահանգների երկու ազդեցիկ սենատորներ ներկայացրել են երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը զգուշացնում է Ռուսաստանին, որ եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, դա կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա:

Նման սցենարը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի միջամտության հակամարտությանը։

Հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը նախագիծը ներկայացրել են ի պատասխան ռուսական մարտավարական միջուկային զենքի Բելառուս փոխանցմանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ ռուսական միջուկային մարտագլխիկները տեղակայվում են երկրի սահմաններից դուրս։

Օրենսդիրների կարծիքով՝ այդ քայլը լուրջ վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար՝ Ուկրաինայի պատերազմի պայմաններում:

15:51 23.6.2023

Պատերազմական գոտիներում երեխաների իրավիճակի մասին ՄԱԿ-ի տարեկան զեկույցում կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին անվանել է մեղավոր 2022 թվականին Ուկրաինայում 136 երեխայի սպանության մեջ և ներառել ռուսական բանակը համաշխարհային իրավախախտների ցուցակում։ Այս զեկույցին ծանոթացել են Reuters-ը և France-Presse-ը:

Գուտերեշի խոսքով՝ իրեն «հատկապես ցնցել են» սպանված ու հաշմանդամ դարձած երեխաների մեծ թիվը, ինչպես նաև ռուսական բանակի կողմից դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները։ ՄԱԿ-ը հաստատում է, որ Ռուսաստանի զինված ուժերը և նրանց հետ կապված խմբերը նաև վնասվածքներ են հասցրել 518 երեխայի, օգտագործել 91 երեխայի որպես կենդանի վահան և իրականացրել 480 հարձակում դպրոցների և հիվանդանոցների վրա։

Գուտերեշը նաև ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերի կողմից երեխաների նկատմամբ նման հանցագործությունների թիվն է իրեն խիստ անհանգստացնում։ Ըստ զեկույցի՝ ուկրաինական բանակը պատասխանատու է 80 երեխայի մահվան, 175 երեխայի վիրավորվելու և 212 դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների համար։ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, չկան համաշխարհային իրավախախտների ցուցակում:

Զեկույցը կենտրոնանում է հակամարտությունների գոտիներում երեխաների սպանության, հաշմանդամության, սեռական բռնության, առևանգման և հավաքագրման, օգնության մերժման և դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների վրա:

Զեկույցն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, որում Ռուսաստանն ունի վետոյի իրավունք և հաճախ կիրառում է այն, և պաշտոնապես կհրապարակվի հաջորդ շաբաթ, հաղորդում է France-Presse-ը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG