Անցյալ տարի պատերազմական օրերին, նաև դրանց հաջորդած մեկ ամսվա ընթացքում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը վերածվել էր կամավորական աշխատանքների մի կենտրոնակայանի, որտեղ 15 հոգուց բաղկացած կամավորականների մի խումբ՝ դերասանուհի Անահիտ Սարդարյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ ձեռնամուխ էին եղել ամենատարբեր աշխատանքների՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր Արցախ ուղարկելով սնունդ, հագուստ, դեղորայք՝ ընդհանուր առմամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում աջակցելով 15 հազար ընտանիքների:
Եվ ահա թատրոնում մեծ գործունեութուն ծավալած կամավորականների խումբը վճռել է աշխատաքների ավարտից հետո հովանավորներ գտնել և վերանորոգել այն սրահը, որտեղ աշխատել են և որտեղ նախկինում ցուցահանդեսներ էին բացվում, ասուլիսներ և հանդիպումներ տեղի էին ունենում:
Այսօր «Ազատության» հետ զրույցում ներկայացնելով նորացված, գեղեցիկ սրահը՝ թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը շեշտում էր, որ կամավորական աշխատանքների այդ օրերին իրենք մեծ հպարտություն են ապրել, որ հենց իրենց մոտ են տեղի ունենում այդ աշխատանքները․ - «Մեր համար մեծ պատիվ էր, որ մեզ մոտ էր։ Բայց իրենք էլ էին ամեն օր շնորհակալություն հայտնում։ Հրաշալի երեխաներ են։ Բազմաթիվ մարդիկ էին մտնում-դուրս գալիս, պարզ է, որ որոշակի վերանորոգման կարիք առաջացավ։ Ընդ որում, ես չեմ բարձրացրել այդ հարցը։ Իրենք ասացին, որ ուզում են անպայման վերանորոգել իրենց ուժերով, իրենք գտան բարեգործներ»։
Անդրադառնալով թատրոնի այս տարվա ստեղծագործական գործունեությանը՝ Ռուբեն Բաբայանն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր ունեն, որոնք անպայման իրագործելու են․ - «Հիմա արդեն փորձեր են գնում «Կարմիր Գլխարկ»՝ նոր տարբերակ։ Մոնոխաղ ներկայացում, որն անում է մեր դերասան Աղասի Մելքոնյանը՝ «Կոկորդիլոս», այս փոքր բեմում է դա լինելու։ Կբեմադրվի նաև Վիննի Թուխի մյուս հեքիաթները, կբեմադրվեն Հարրի Փոթերի որոշակի հատվածներ՝ շատ ինտերակտիվ դաս-ներկայացում կլինի։ Կլինի նաև Նոր տարվա նոր ներկայացում։ Եվս մի քանի աշխատանքներ են հիմա տարվում թատրոնում, որովհետև անցյալ տարի ավարտեց իմ ռեժիսորական կուրսը, բայց համավարակի պատճառով հնարավորություն չունեցան իրենց սկսած գործը տանել մինչև ավարտ։ Հիմա ավելի հանգիստ պայմաններում նրանք փորձում են դա իրագործել»։
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այսօր երեկոյան տեղի կունենա Չեխովի «Երեք քույրերը» պիեսի պրեմերան: Բեմադրության հեղինակն է Սամսոն Մովսեսյանը:
Ռուբեն Բաբայանը վստահ է, որ պիեսը շատ արդիական է հատկապես մեր օրերում․ - «Արդեն այն, որ Չեխովը բեմադրվում է մեր բեմում, լավ է։ Երևանում ես, ճիշտն ասած, չեմ հիշում «Երեք քույրերը» երբ է բեմադրվել։ Գիտեմ, որ շատ լավ բեմադրություն կար Վանաձորում, Վահե Շահվերդյանի շատ հայտնի բեմադրությունն էր, որը բազմաթիվ փառատոների մասնակցեց։ Այս ներկայացումը մի քիչ ուրիշ է։ Գուցե մի քիչ ավելի ոչ այդքան ռոմանտիկ, գուցե մի քիչ ավելի դաժան, որովհետև կյանքը ընդհանրապես դաժան բան է։ Բայց բոլոր դեպքերում յուրաքանչյուր դաժան վիճակից ելք կա։ Եվ այդ ելքը լույսն է։ Աշխատանքները սկսվել էին դեռ մեկ տարի առաջ, ներկայացումը արդեն պատրաստ էր անցյալ տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բայց հայտնի իրադարձությունների պատճառով մենք չկարողացան պրեմիերա խաղալ։ Պրեմիերա խաղում ենք հիմա, այսօր։ Այսօր և վաղը բոլոր տոմսերը վաճառված են։ Ինտերակտիվ ներկայացում է։ Ես չէի ասի մոդեռն կամ դասական, բայց Չեխովը ընդհանրապես շատ ժամանակակից գրող է։ Կարծում եմ, որ այն կարևոր գաղափարը, որը երևի կա և՛ Չեխովի մոտ, և՛ բեմադրիչն է այդ մեկնաբանության մեջ մտցնում, որ անկախ ամեն ինչից, պետք է ապրել։ Ինչպես ասում էր Դոստոևսկին՝ կյանքը պետք է ավելի շատ սիրել, քան կյանքի իմաստը։ Կարծում եմ, սա շատ կարևոր է և շատ արդիական է մեր համար, մեր օրերում։ Ամեն ինչ կլինի, եթե լինի ապրելու կամք։ Երևի թե ապրելը այդքան էլ բարձրագոչ բառերի կարիք չունի։ Պետք է պարզապես տեսնել կյանքը, ապրել այդ կյանքում, հնարավորինս բարություն բերել քո կողքին, հասկանալ, որ ողբերգությունները, դժբախտությունները ընդհանրապես միշտ զուգահեռ գնում են մեր կյանքի հետ, բայց դա չի նշանակում, որ կյանքից պետք է հրաժարվել կամ հիասթափվել։ Կյանքը ամենամեծ արժեքն է»։