Մատչելիության հղումներ

Լավրովը ԱՄՆ-ին և Իրանին լարվածությունը նվազեցնելու կոչ է անում


ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 17-ը հունվարի, 2020թ.
ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 17-ը հունվարի, 2020թ.

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում նկատելի փոփոխություններ անցած տարի չեն եղել», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում։

Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովն այսօր ամենամյա ամփոփիչ ասուլիս է տվել, սակայն չեն հասցրել պատասխանել բոլոր հարցերին, և հարցերի մի մասին գրավոր պատասխան է հրապարակել նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նշում է, որ կան ղարաբաղյան հարցում կա առաջխաղացում «փոքր քայլերի» իրականացման գործում։ Իրավիճակը սահմանին և շփման գծում շարունակում է մնալ համեմատաբար հանգիստ. Երևանի և Բաքվի միջև գործում է թեժ գիծ, իրականացվել է լրագրողական փոխանակում: Սակայն կարգավորման հիմնահարցում դեռևս ոչ մի էական առաջընթաց չի արձանագրվել:

«Այս թեման քննարկվել է Լավրովի վերջերս Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կսկսվի առարկայական երկխոսություն», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում։

Կայքում նշված է նաև, որ անցած տարի շարունակվել է հայ-ռուսական «ավանդաբար բարեկամական և բազմակողմանի համագործակցության առաջընթաց զարգացումը»: Հատուկ ընդգծվում է անցած տարի Երևանի արդյունավետ նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում:

Ամփոփիչ ասուլիսին Լավրովն այսօր անդրադարձավ Պուտինի սահմանադրական բարեփոխումներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 15-ին ուղերձում հայտարարել էր, թե անհրաժեշտ է Սահմանադրությունում ամրապնդել Հիմնական օրենքի գերակայությունը երկրի իրավական տարածքում միջազգային նորմերի նկատմամբ։

Այսօր Լավրովը փորձել է հանգստացնել լրագրողներին՝ պնդելով, թե մեծ հաշվով բան չի փոխվել։

«Ցանկացած միջազգային պայմանագիր, որ կնքում է Ռուսաստանի Դաշնությունը, ներկայացվում է խորհրդարան՝ վավերացման համար, վավերացումը կատարվում է դաշնային օրենսդրության տեսքով։ Այսպիսով, մեր միջազգային պարտավորությունները նախ և առաջ դառնում են մեր իրավական համակարգի մի մասը՝ վերապահված ձևով։ Եվ երկրորդը, դաշնային օրենքը չի կարող ընդունվել, եթե այն հակասում է Սահմանադրությանը։ Ես շահարկումների որևէ հիմք և պատրվակ չեմ տեսնում, և պետք չէ ինչ-որ թաքնված իմաստներ որոնել», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը։

Իրանա-ամերիկյան ճգնաժամի մասին հարցին պատասխանելով՝ Լավրովը երկու կողմերին լարվածությունը նվազեցնելու կոչ է արել՝ շեշտելով, որ այդ լարվածությունը չի օգնում տարածաշրջանային և որևէ խնդրի կարգավորմանը։

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննադատել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու համար։

Ինչ վերաբերում է միջուկային զենքի չտարածման մասին ռուս-ամերիկյան նոր պայմանագրին, Լավրովը ևս մեկ անգամ կրկնել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի նոր պայմանագիր կնքել կամ երկարաձգել հինը։ Վաշինգտոնը, սակայն, ըստ Լավրովի, պնդում է, որ այդ պայմանագրին պետք է միանա նաև Չինաստանը։

Ռուսական որոշ աղբյուրներ այս օրերին գրում են, որ Սերգեյ Լավրովը կարող է թողնել արտգործնախարարի պաշտոնը։ 70-ամյա Լավրովն այսօր այդ մասին հարցին չի պատասխանել՝ ասելով միայն. - «Ինձ երեք օր առաջ հանձնարարել են կատարել արտգործնախարարի պարտականությունները, ես կատարում եմ»։

Լավրովը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է 2004 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG