Մատչելիության հղումներ

Դատարանը մասնակի բավարարեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին բողոքը


Հայաստանի երկրորդ նախագահը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Դատարանն այսօր մասնակի բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին։

Դատարանն արձանագրեց, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։

Դատարանը, սակայն, որոշեց՝ «Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելուն, վարույթ իրականացնող մարմնին և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել»։

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի դեմ նրա պաշտպանական խմբի բողոքի քննությունն ավարտվել էր երեկ, դատարանն այսօր որոշումն էր հրապարակում։

Գույքի վրա արգելանք դրվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, անցած տարվա հուլիսից, երբ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրվեց:

Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում է՝ գույքն ու դրամական միջոցները կալանքի տակ են օրենքի պահանջով։ Քոչարյանի պաշտպանական խումբը համարում է, որ նրա գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումը անօրինական է։

Նախաքննական մարմինը ավելի վաղ արգելանք էր դրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքների պաշտպանի միջամտությամբ հանվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG