Telegram-ը երեկ կոչ է արել ռուսաստանցիներին՝ մասնակցել մարտի 10-ին կայանալիք ազատ ինտերնետի համար հավաքին։
Ռուսական համացանցը մեկուսացնելու դեմ բողոքի ցույցերն այս կիրակի անցկացվելու են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
Telegram-ի տարածած հաղորդագրությունում ասված է, որ ցույցն անցկացվում է ի նշան բողոքի ռուսական համացանցը մեկուսացնող օրինագծի դեմ, որի նպատակն է Ռուսաստանում հաստատել տոտալ գրաքննություն։
«Իշխանություններն ուզում են Ռուսաստանը կտրել աշխարհից, ուզում են ռուսաստանցիների համար անհասանելի դարձնել սոցիալական ցանցերն ու մեսինջերները», - ասված է Telegram-ի հայտարարությունում։
Երեկ երեկոյան Մոսկվայի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ քաղաքի իշխանություններն արտոնել են այդ բողոքի ցույցը, որն անցնելու է հանրահավաքների համար ավանդական դարձած Սախարովի հրապարակում։
Անցած տարի ապրիլին համացանցի ազատության համար արդեն անցկացվել էր բողոքի հավաք, որ կազմակերպել էր Telegram-ը, սակայն ակցիան այնքան էլ մարդաշատ չէր։
2018 թվականի ապրիլին «Ռոսկոմնադզոր»-ն արդեն սահմանափակել է Telegram-ը, որը, սակայն, կարողանում է շրջանցել այդ արգելքը։
Ռուսաստանցիները մարտի 10-ին իրենց բողոքն են արտահայտելու փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունված մի օրինագծի դեմ, որի հեղինակները հայտարարում են, որ Ռուսաստանում անհրաժեշտ է սահմանափակել արտասահմանյան սոցիալական ցանցերն ու այլ կայքեր՝ դրանով նվազեցնելով օտար երկրների ազդեցությունը։
Հավելենք, որ բողոքի այս ակցիան կազմակերպում է Ռուսաստանի ազատական կուսակցությունը։