Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանն ավիացիոն միջադեպերի ուսումնասիրման բյուրո ստեղծելու համաձայնագիր են ստորագրել


Հայաստանը և Ռուսաստանը փաստաթուղթ են ստորագրել ավիացիոն միջադեպերի ուսումնասիրման միջազգային բյուրո ստեղծելու մասին:

«Ռուսաստանի տրանսպորտ-2018» համաժողովի շրջանակներում համաձայնագիրը հինգշաբթի օրը ստորագրել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և Հայաստանի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Հետխորհրդային տարածքում ավիաաղետների, լուրջ միջադեպերի ուսումնասիրությունների կառույց արդեն կար՝ 1991 թվականին ստեղծվել էր Միջազգային ավիացիոն կոմիտեն՝ կենտրոնակայանը Մոսկվայում, որի կազմում ընդգրկված են նախկին միության 11 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Այժմ, փաստորեն, այդ կառույցին այլընտրանքային մարմին է ստեղծվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի մասին ավելի վաղ Ռուսատանի տրանսպորտի նախարարությունն ասել էր, թե այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Մաքսիմ Սոկոլովը պարզաբանել է, որ Միջազգային ավիացիոն կոմիտեում այսօր հնարավոր չէ կոնսենսուսով որոշումներ ընդունել, մասնավորապես՝ Ուկրաինայի ու Վրաստանի դիրքորոշումների պատճառով:

Անցած սեպտեմբերին Ղազախստանը մտադրություն էր հայտնել մասնակցելու նոր բյուրոյի ստեղծման աշխատանքներին: Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ու Ղազախստանի առաջին փոխվարչապետն այդ թեմայով երեկ «ոտքի վրա» զրուցել են, իսկ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալներից մեկը՝ Ալեքսանդր Յուրչիկն ասել է, թե Ղազախստանը խոստացել է մոտակա շաբաթների ընթացքում միանալ նոր բյուրոյի ստեղծման համաձայնագրին: Նա նշել է, որ հրավիրվել են նաև այլ երկրներ՝ հավելելով, թե համաձայնագիրը բաց է, այն չի սահմանափակվելու միայն ԵԱՏՄ-ի կազմով, գործնականում ցանկացած երկիր կարող է միանալ համաձայնագրին:

Նշենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը գործնականում հիմք է դրել ավիացիոն լուրջ միջադեպերի ուսումնասիրությունների նոր մարմնի ստեղծմանը:
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխն ասել է, որ Միջազգային ավիացիոն կոմիտեի լիազորություններն աստիճանաբար փոխանցվելու են նոր բյուրոյին:

1991-ին հետխորհրդային տարածքում ստեղված Միջազգային ավիացիոն կոմիտեն արդեն ողջունել է նոր բյուրոյի ձևավորումը: Այդ կառույցի մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն է տարածել, ուր նշված է, որ Միջազգային ավիացիոն կոմիտեն պաշտպանում է ավիացիոն ոլորտում նոր փորձագիտական կազմակերպության ստեղծումը և հաշվի առնելով 76 երկրների տարածքում կատարած ավիացիոն 850 իրադարձությունների ու լուրջ միջադեպերի հետազոտության իր 27-ամյա փորձը՝ պատրաստ է համագործակցել նոր բյուրոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG