Վերին Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանը դիմել է Հյուսիսային Օսիայի և Վրաստանի իշխանությունների օգնությանը:
Տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում շաբաթ օրը գրել է․ - «Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ: Լարսում առաջացած խնդրով դիմել է Հյուսիսային Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններ: Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդներին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք և շուկայական գներով դիզվառելիք: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ և անցակետի իշխանությունների հետ, մինչև վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»:
Վրաստան-Ռուսաստան սահմանի Լարսի անցակետը Հայաստանի համար դեպի Ռուսաստան միակ ցամաքային ուղին է: Վերջին օրերին այնտեղ բազմաթիվ ավտոմեքենաներ են կուտակվել:
Երեկ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն տեղադրեց՝ հայտնելով, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է, սակայն՝ միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այսօր առավոտյան ԱԻՆ-ի փոխանցած տվյալներով՝ ռուսական կողմում կուտակվել են 445 բեռնատար ավտոմեքենաներ:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, իր հերթին, երեկ երեկոյան հաղորդեց․ - «Ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է։ Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում բեռնատարների համար ևս թույլատրելի դառնա երթևեկելը։ Ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ»։
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառույցների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Գուդաուրի-Կոբի 16-կիլոմետրանոց հատվածում մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնվել է, բայց ձյան և մերկասառույցի պատճառով մեծ մեքենաների տեղաշարժը սահմանափակված է:
Ձնահոսքի վտանգի պատճառով անցած հինգշաբթի օրվա երկրորդ կեսից ճանապարհը ընդհանրապես փակ էր բոլոր տեսակի մեքենաների համար:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ խցանման մեջ հայտնված մեքենաներում 960 մարդ կա, տաքանալու համար չորս շարժական կետեր են գործում, իսկ Վլադիկավկազ-Լարս հատվածում սննդի և տաքանալու 12 օբյեկտ կա:
Վրաստանի եղանակի տեսության կանխատեսումը շարունակում է անբարենպաստ մնալ, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: