Մատչելիության հղումներ

Վայոց ձորում Վեհափառի տեղաշարժն արգելափակելու փաստով նյութեր են նախապատրաստվում


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Վայոց ձորում, 14-ը հուլիսի, 2018թ․
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Վայոց ձորում, 14-ը հուլիսի, 2018թ․

Քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում նշում է․ - «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում»։ Նշված հրապարակման առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Ոստիկանությունը երեկ հաղորդեց, որ ուսումնասիրում է Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում դրա ընթացքում ոստիկանների գործողությունների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանությանը շատ ուշադիր ուսումնասիրել բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները և անհրաժեշտության դեպքում գնահատական տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG