Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման մասին հաղորդագրությունը տարածվել է նոր խմբագրմամբ


Կառավարությունը նոր խմբագրմամբ կրկին հաղորդագրություն է տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Հայաստաբում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման մասին։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. ֊ «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:

Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ պարզաբանելով. ֊ «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կառավարության տարածած հաղորդագրությունում ներկայացված ԱՄՆ դեսպանի խոսքերի հետևյալ թարգմանությունը. ֊ «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG